Հայտնի են հրդեհի հետևանքով զոհված բոլոր զինծառայողների անունները․ NEWS.am

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհից երեք օր անց Պաշտպանության նախարարությունը դեռ չի հրապարակել զոհված 15 զինծառայողների անունները։ NEWS.am-ը տեղեկություններ է հավաքել զոհված բոլոր 15 զինծառայողների վերաբերյալ։

Մանուկյան Արամ Արսենի, 20 տարեկան, Լոռիից։

Ներսիսյան Վոլոդյա Մհերի, 19 տարեկան, Արագածոտնից։

Մարտիրոսյան Գոռ Դավիթի, 19 տարեկան, Տավուշից։

Ասրյան Ռոստոմ Արտակի, 19 տարեկան, Լոռիից։

Համբարչյան Մուշեղ Վահագնի, 19 տարեկան, Արարատից։

Ղարիբյան Տարոն Սեդրակի, 20 տարեկան, Արարատից։

Աբազյան Պավլիկ Վարդանի, 19 տարեկան, Տավուշից։

Սարգսյան Դավիթ Նորայրի, 19 տարեկան, Արագածոտնից։

Գրիգորյան Հրաչյա Կարենի, 19 տարեկան, Երեւանից։

Ավագյան Նարեկ Ռոբերտի, 19 տարեկան, Երեւանից։

Բարսեղյան Գագիկ Արմանի, 19 տարեկան, Կոտայքից։

Դումիկյան Միշա Կարենի, 19 տարեկան, Լոռիից։

Կիրակոսյան Հայկ Գաբրիելի, 19 տարեկան, Արմավիրից։

Գեւորկով Սերգեյ Կարենի, 19 տարեկան, Արարատից։

Դավթյան Համլետ Սպարտակի,  19 տարեկան, Գեղարքունիքից։

Արամը Վանաձորից էր, փետրվարին պետք է զորացրվեր։ Նա սովորում էր Եվրոպական համալսարանում։ Տան միակ որդին էր, ունի մեկ քույր։

Վոլոդյան Մաստարա գյուղից էր, ամռանը՝ հունիսին, պետք է զորացրվեր։ Նա  տան միջնեկ զավակն էր, քույր ու եղբայր ունի։

Գոռը Դիլիջանից էր, մեկ տարվա զինծառայող, ընտանիքի միակ որդին էր, մեկ քույր ունի։

Ռոստոմը Հոբարձի գյուղից էր, սովորում էր Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջում։ Նա ընտանիքի ավագ զավակն էր, երկու քույր եւ եղբայր ունի։

Մուշեղը Դաշտավան գյուղից էր, օրեր առաջ էր 19 տարեկան դարձել, ամռանը կլրանար նրա ծառայության մեկ տարին։ Իրենից փոքր քույր ու եղբայր ունի։

Տարոնը Ուրցաձորից էր, փետրվարին պետք է զորացրվեր։ Տան կրտսեր զավակն էր, երկու եղբայր ունի։

Հրդեհի հետեւանքով զոհվածների թվում է նաեւ Պավլիկը՝  Աչաջուր գյուղից։ Տան միակ որդին էր, մեկ քույր ունի։ Պավլիկը կարատեով էր զբաղվում։ Նա ամռանը պետք է զորացրվեր։

Զոհերից Դավիթը Կոշ գյուղից էր, մեկ տարվա ծառայող։ 9–ամյա կրթությունից հետո ընդունվել էր քոլեջ, ավտոմեխանիկ էր ուզում դառնալ։ Նա ընտանիքի ավագ զավակն էր։ Երկու եղբայր եւ մեկ քույր ունի, եղբայրներից մեկն օրեր առաջ բանակ էր զորակոչվել։

Հրաչյան նույնպես մեկ տարվա զինծառայող էր։ Նա Երեւանից էր, ընտանիքի միակ որդին, ուներ իրենից մեծ քույր: Նախքան զորակոչվելը ընդունվել էր Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի Կառավարման բաժին։

Նարեկը Նորագավիթից էր, մեկ տարի առաջ էր բանակ զորակոչվել։ Զբաղվում էր սուսերամարտով, մինչեւ բանակ գնալն ընդունվել էր Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ։ Նա ընտանիքի կրտսեր զավակն էր, մեկ եղբայր ունի։ Նարեկը սուսերամարտի Հայաստանի երիտասարդների առաջնության չեմպիոն է,  միջազգային կարգի մրցանակակիր։

Գագիկը ծնունդով Գառնի համայնքից էր: Նա տարիներ առաջ ընտանիքի հետ տեղափոխվել էր Գերմանիա, մեկ  տարի առաջ վերադարձել էր  Հայաստան՝ ծառայելու համար։ Նա իրենից փոքր քույր եւ մեկ տարեկան եղբայր ունի։

Միշան Մեծավան գյուղից էր, մեկ տարվա ծառայող։ Նա զբաղվում էր ուժային եռամարտով ու կարատեով, ճանաչվել չեմպիոն՝ Հայաստանում եւ սեւծովյան երկրներում անցկացվող մրցաշարերում։ Միշան սովորում էր ԵՊՀ մշակութաբանության բաժնում։ Ունի քույր ու եղբայր։

Հայկը Մեծամոր քաղաքից էր, ընտանիքի ավագ զավակը, քույր ու եղբայր ունի։ Հունվարի 24–ին կլրանար նրա ծառայության մեկ տարին։

Սերգեյը Դարբնիկ գյուղից էր, նա մեկ տարի առաջ էր բանակ զորակոչվել։ Ունի մեկ կրտսեր եղբայր։

Համլետը Մարտունի քաղաքից էր, նա միակողմանի ծնողազուրկ էր, ընտանիքի միակ որդին, երկու քույր ունի։

Բոլոր տղաները ժամկետային զինծառայողներ էին, նրանց մեծ  մասը մասնակցել էր սեպտեմբերյան մարտերին։

Այս նկարում վաշտի տղաները վերջին Նոր տարին են միասին նշում, թերեւս խմում խաղաղության կենացը, իրար անփորձանք ծառայություն մաղթում։

Դժբախտաբար, 19 օր հետո նրանցից 15–ի կյանքը ընդհատվեց։

Զոհերից ոչ մեկի մարմինը դեռեւս չի հուղարկավորվել։ Նրանց աճյունները պետք է գենետիկ փորձաքննության ենթարկվեն։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը եւս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:

Ընդհանրապես, այդ դեպքի հետ կապված հանրության մոտ բազմաթիվ հարցադրումներ են առաջանում, օրինակ, ինչո՞ւ  պատշաճ կեցավայրում չեն ապրել զինվորները , այլ գյուղական տանը, որը չի համապատասխանել զորանոցի անվտանգության չափանիշերին։

Հանրությունը վրդովված է նաեւ նրանից, որ պաշտպանության նախարարը այդպես էլ չի այցելել դեպքի վայր:

Շատերը պահանջում են նախարար Սուրեն Պապիկյանի, որպես կատարվածի գլխավոր պատասխանատուի հրաժարականը։

Նշենք, որ հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։