Իրանի ԱԳ նախարարը կմեկնի Թուրքիա՝ Սիրիայում տիրող իրավիճակը քննարկելու նպատակով

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը հունվարի 17-ին կմեկնի Թուրքիա, որտեղ կքննարկի Սիրիայում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների վերջին բանակցությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է ISNA գործակալությունը:

«Համաձայն պլանավորված ծրագրի՝ Իրանի ԱԳ նախարարն իր թուրք գործընկերոջ հրավերով հունվարի 17-ին կմեկնի Թուրքիա»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Գործակալության տեղեկություններով՝ Իրանի ԱԳ նախարարը Թուրքիայում հանդիպելու է  մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որպեսզի քննարկի երկկողմանի հարաբերությունները, վերջին իրադարձություններն ու իրավիճակը Սիրիայում:

Քննարկման հավանական թեմաներից մեկը կարող է դառնալ Իրանի նախագահ Էբրահիմ  Ռաիսի՝ Թուրքիա այցելության ժամկետի հստակեցումը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների միջև հունվարի 17-ին նախատեսված բանակցությունները հետաձգվել են: ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչությունից հայտնել էին, որ բանակցությունները հետաձգվել են Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանի փոխադարձ համաձայնությամբ: