Ովքե՞ր էին լուրեր տարածել Ռուբեն Վարդանյանի հնարավոր պաշտոնանկության մասին և ի՞նչ նպատակով (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրն է Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը։

Արցախի մարդասիրական ճանապարհն արգելափակելուց ի վեր միջազգային բազմաթիվ քաղաքական, հասարակական կառույցներ, գործիչներ կոչերով, հորդորներով, քննադատություններով դիմել են Ադրբեջանի իշխանություններին՝ անհապաղ Արցախի շրջափակումը վերացնելու համար, և առ այսօր նրանց արձագանքը հաշվի չի առնվել։ Որքան է Ալիևի հանդգնությունը, որ նա ոչ միայն չի հետևում այդ հորդորներին, այլև հայտարարում է, որ դրանք իր համար առ ոչինչ են։ Մեզ հետ զրույցում նման տեսակետ հայտնեց արցախցի պատգամավորը։ Միջազգային հանրության արձագանքը սկզբում թվում էր՝ կարող է արդյունքներ տալ։ Երբ համեմատում ենք 44-օրյա պատերազմի ժամանակ միջազգային հայտարարությունների հետ, ապա ակնհայտ է, որ այս դեպքում հայտարարությունները հասցեական են, և պարզ է, թե ով է ագրեսորը։ Այն ժամանակ մեզ համար պարզ էր, որ չի կարելի հույս դնել միջազգային արձագանքի վրա։ Հիմա ևս հասկանալի դարձավ, որ պետք չէ ոգևորվել, քանի որ բոլոր արձագանքողները սահմանափակվեցին խոսքով, նրանց հայտարարություններին ոչ մի գործուն քայլ չհետևեց։ Շահագրգիռ կողմը, որը ՀՀ իշխանություններն են, չնպաստեցին դրան, մինչդեռ պետք է դիվանագիտական ճանապարհով հասնեին նրան, որ Ադրբեջանի նկատմամբ ճնշումներ գործադրվեին։

Անդրադառնալով Արցախի պետական քարտուղար Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության մասին լուրերին՝ Մետաքսե Հակոբյանն ասաց․ «ՀՀ վարչապետի վերջին ասուլիսի ժամանակ հնչեցրած մտքերին ի պատասխան Արցախի խորհրդարանը հայտարարություն տարածեց, որը վստահ եմ՝ շատ էր զայրացրել Փաշինյանին։ Այնուհետև Արցախի պետնախարարն էր ֆեյսբուքյան իր հարթակում գրառում կատարել, որով պարզ էր, որ Արցախն այլևս չի կարող որևէ ակնկալիք ունենալ Հայաստանի իշխանություններից, հետևաբար անելիքը Արցախում և Հայաստանում բնակվող հայերինն է։ Այդ ամենը ափերից հանել էր Փաշինյանին։ Հաջորդ օրը կառավարության նիստի ժամանակ նա հայտարարեց, որ պաշտոնական Ստեփանակերտը պետք է զգուշավոր լինի իր խոսքերում, որպեսզի տուրք չտա ադրբեջանական սադրանքին ու կանխի նրանց կողմից հրահրվող պատերազմը»։ Ըստ պատգամավորի՝ հայաստանյան իշխանական օղակների կողմից էլ Ռուբեն Վարդանյանի հնարավոր պաշտոնանկության և Արցախում արտահերթ ընտրությունների մասին լուրեր նետվեցին։ Պատահական չէ, որ հունվարի 14-ի առավոտյան Արցախի ԱԺ նախագահը հայտնեց, թե արտահերթ ընտրությունները հնարավոր է կայանան գարնանը, և ինքն էլ հավակնություններ հայտնեց Արցախի նախագահի պաշտոնի համար։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում