ՀՀ ԱԳՆ-ը անգամ հայտարարություն չի անում Բաքվի հայկական ջարդերի 33-րդ տարելիցի վերաբերյալ

Եթե մեր իշխանություններին թվում է, որ լռելով, Բաքվին «չնեղացնելով» կանխելու են էսկալացիան, ուրեմն իրենք ոչինչ չեն հասկանում Ադրբեջանի քաղաքականությունից:  Այս մասին գրում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։

«Եվ մինչ Ադրբեջանում ամենաբարձր մակարդակով «Արևմտյան Ադրբեջան» են կոչում ՀՀ ներկայիս տարածքը և նոր հավակնություններով հանդես գալիս, ՀՀ ԱԳՆ-ն անգամ հայտարարություն չի անում Բաքվի հայկական ջարդերի 33-րդ տարելիցի վերաբերյալ: Թեև նման հայտարարություն անցած տարի եղել էր: Եթե մեր իշխանություններին թվում է, որ լռելով, Բաքվին «չնեղացնելով» կանխելու են էսկալացիան, ուրեմն իրենք ոչինչ չեն հասկանում Ադրբեջանի քաղաքականությունից:

Էսկալացիան կանխում են տեղում պատրաստվելով, բանակի մարտունակությունը բարձրացնելով, հանրության մեջ դիմադրողականություն զարգացնելով, մի խոսքով՝ պատերազմի պատրաստ լինելով, որ հակառակորդդ իմանա, որ չի մարսելու ագրեսիան: Իսկ սեփական պատմությունը անտեսելով, դրա մասին լռելով ու կենսական իրավունքներից հրաժարվելով՝ միմիայն մեծացնելու ենք Բաքվի ախորժակը, օգնելու նոր պատմական կեղծարարություններով լցնել դաշտը և հարցականի տակ ենք դնելու հայոց պետականությունը:

Մեկ-մեկ Ալիևի ելույթները կարդացեք, միգուցե օգնի հասկանալ, թե ինչ է մտածում հակառակորդը»,- գրում է ադրբեջանագետը: