Ադրբեջանի «հաղթանակի» ընթրիքին մասնակցած ֆրանսիացի պատգամավորը՝ Երևան ժամանած պատվիրակության կազմում. «Հետք»

Պաշտոնական այցով Երևանում գտնվող Ֆրանսիայի ԱԺ նախագահ Յաել Բրաուն-Պիվեի պատվիրակության կազմում ընդգրկված է պատգամավոր Անն Ժենետեն, որին Ֆրանսիայի հայկական շրջանակները և  Ֆրանսիայի հայամետ քաղաքական գործիչները քննադատում են Ադրբեջանի հետ կապերի մեջ։ Այս մասին հաղորդում է «Հետքը»։

Ժենետեն Ֆրանսիայի 11-րդ ընտրատարածքի պատգամավոր է, ներկայացնում է Ֆրանսիայից դուրս ապրող ֆրանսիացիներին 49 երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։

2021 թվականի նոյեմբերի 13-17-ը Անն Ժենետեի այցը Երև ան, «Հայաստան-Ֆրանսիա» բարեկամության խմբի կազմում, չեղարկվեց մի սկանդալի պատճառով։ Այցից օրեր առաջ՝ նոյեմբերի 9-ին, երբ Հայաստանը սգում էր 44-օրյա պատերազմում կորցրած զավակների հիշատակը, Փարիզում Ադրբեջանի դեսպանությունը ընթրիք-բանավեճ էր կազմակերպել ֆրանսիացի քաղաքական գործիչների և  գործարարների համար՝ նվիրված «Ղարաբաղի ազատագրման 1-ին տարեդարձին»։ Դեսպանատան ֆեյսբուքյան էջում ընթրիքի մասին գրառումն ուղեկցվում է «Հաղթանակի օր», «Ղարաբաղն Ադրբեջան է» հեշթեգով։

«Ղարաբաղը խաղաղության ժամին. հույսեր և  մարտահրավերներ. ի՞նչ դեր ունի Ֆրանսիան» խորագրով ընթրիքին մասնակցում էր նաև  Անն Ժենետեն։ Նա «Թվիթերում» լուսանկար էր հրապարակել՝ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանի կողքին և  գրել, որ Ֆրանսիան պետք է գործի հանուն խաղաղության, և  խորհրդարանական դիվանագիտությունը կարող է նպաստել դրան։

Ժենետեի այս գրառումը հրապարակային լուրջ քննադատության արժանացավ, որի արդյունքում 2021-ի նոյեմբերի 11-ին նա հայտարարեց իր ճանապարհորդության հետաձգման մասին և  տարածեց հետև յալ հաղորդագրությունը.

«Ինձ՝ որպես Ֆրանսիայից դուրս ապրող ֆրանսիացիների 11-րդ ընտրատարածքի պատգամավորի, որն ընդգրկում է 49 երկիր, այդ թվում՝ Հայաստանը և  Ադրբեջանը, պարբերաբար կոչ են անում երկկողմ շփումներ ունենալ՝ հուսալով, որ կկարողանամ բազմակողմ շփումների հնարավորություն ստեղծել Հայաստանի և Ադրբեջանի բոլոր շահագրգիռ կողմերի միջև…

Երեքշաբթի՝ նոյեմբերի 9-ին, Ազգային ժողովի տարբեր քաղաքական խմբերի պատգամավորների հետ Ադրբեջանի դեսպանատան հրավերով մասնակցեցի ընթրիք-բանավեճի։ «Ղարաբաղը խաղաղության ժամին. հույսեր և  մարտահրավերներ». ո՞րն է Ֆրանսիայի դերը» խորագրով այս ընթրիքին իմ մասնակցությունը ճիշտ չընկալվեց Հայաստանում մեր ֆրանսիական համայնքի շրջանակներում և  հայ քաղաքական և  ինստիտուցիոնալ աշխարհում: Ես խորապես ափսոսում եմ այս իրավիճակի համար, ես ոչ մի տարեդարձ չեմ նշել։

Պահպանելով հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ ես խորհրդարանական մակարդակով ցանկանում եմ մասնակցել երկխոսության և  խաղաղության հաստատման գործընթացին՝ հանուն խաղաղության։ Ես ծրագրել էի նոյեմբերի 13-ից 17-ը մեկնել Հայաստան ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակության հետ՝ ավելի լավ հասկանալու իրավիճակը և այն անմիջականորեն քննարկելու տեղական իշխանությունների, ինչպես նաև  Հայաստանում ապրող ֆրանսիացիների հետ: Մինչ օրս ես Ադրբեջանում չեմ եղել։

Խորհրդարանականի իմ դերը ոչ թե որևէ մեկին կողմ լինելն է, այլ իրավիճակը հասկանալն ու կամուրջներ կառուցելը […] Որպես այդպիսին, ինձ համար, իհարկե, կարև որ է, որ կարողանամ մեկնել այս երկրներ և  հանդիպել ֆրանսիական համայնքների և  տեղական իշխանությունների հետ»։

Այս միջադեպից մեկ տարի անց՝ 2022-ի հունիսին «Le Courrier d’Erevan»-ին տված հարցազրույցում Անն Ժենետեն ընդունել է իր սխալը՝ հայերի համար վշտալի այդ օրը Ադրբեջանի հրավերն ընդունելը և  ներողություն խնդրել հայերին վիրավորելու համար։ 

«Հետքը» պարզաբանում խնդրեց Հայաստանի Ազգային ժողովից՝ ինչպես է Անն Ժենետեն ընդգրկվել պատվիրակության կազմում, և ինչ դիրքորոշում ունի խորհրդարանի խոսնակը, որի հրավերով պատգամավորները ժամանել են Հայաստան։

ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց, որ նախ՝ Ֆրանսիայի ԱԺ նախագահի բացառիկ իրավունքն է իր պատվիրակության կազմը որոշելը, և  որ իրենք տեղյակ չեն եղել Ժենետեի անվան հետ կապված պատմությանը, սակայն պատգամավորի գործունեությունը, ընդհանուր առմամբ, «գնահատում են հայանպաստ, քանի որ վերջինս ոչ միայն կողմ է քվեարկել Ֆրանսիայի խորհրդարանի՝ Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև ին, այլև  այն հեղինակողներից է։ Այսօր էլ պատգամավորը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին և  այցելել Ցեղասպանության թանգարան»։