Ուշադրություն դարձրեք՝ Ալիևի ասուլիսից հետո ՀՀ-Ադրբեջան սահմանը ստացել է «պայմանական» անվանումը․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանի Պաշտպանության նախարարը այսօր ծառայողական խորհրդակցություն է անցկացրել, որի ժամանակ «իրականացվել է ադրբեջանա-հայկական պայմանական սահմանին և ռուսական խաղաղապահ զորակազմի ժամանակավոր տեղակայման տարածքներում գործողության պայմանների ծավալուն վերլուծություն», ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։ Հասանովը կոնկրետ հանձնարարականներ է տվել «ստորաբաժանումների մարտական պատրաստականության բարձր մակարդակի պահպանման և ցանկացած պահի հնարավոր սադրանքը կանխելու պատրաստակամության վերաբերյալ»: Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը՝ նշելով․

«Ուշադրություն դարձրեք օգտագործված բառապաշարին: Ալիևի ասուլիսից հետո ՀՀ-Ադրբեջան սահմանը ստացել է «պայմանական» անվանումը: Իսկ կարգադրությունները՝ «սադրանքը կանխելու վերաբերյալ» Ադրբեջանի կողմից նոր սադրանքների գնալու ակնհայտ ազդակ են: Նման հայտարարություններով սովորաբար Հասանովը հանդես է գալիս հնարավոր գործողությունների գնալուց առաջ:

Պետք է մաքսիմալ զգոն լինել և ակտիվ աշխատանք տանել միջազգայինների հետ: Ադրբեջանը փորձում է սրել իրավիճակը, Ալիևի ասուլիսը դրա վառ ապացույցն է: Պետք է ակտիվորեն աշխատել դա կանխելու ուղղությամբ»: