Ազդեցիկ իրավապաշտպան կազմակերպությունները Ադրբեջանին հորդորում են ապաշրջափակել Արցախը

Միջազգային ազդեցիկ իրավապաշտպան «Ֆրիդոմ Հաուս» (Freedom House), «Հյումն ռայթս ուոթչ» (Human Rights Watch), «Ամնեսթի Ինթերնեշնլ» (Amnesty International) կազմակերպությունները անդրադարձել են 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող (Լաչինի) միջանցքի դիտավորյալ փակմանը և Արցախի շրջափակմանը՝ հորդորելով Ադրբեջանին բացել միջանցքը և ապահովել մարդկանց իրավունքները։ Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։

«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը վերահաստատել իր աջակցությունը առանց հարկադրանքի բանակցություններին։ Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի շրջափակումը՝ Լեռնային Ղարաբաղը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ ․․․ Մենք հորդորում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրներին և 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին ձեռնարկել անհրաժեշտ քայլեր Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, այդ թվում տեղաշարժի ազատությունը ապահովելու համար»,- ասված է «Ֆրիդոմ Հաուս» (Freedom House) կազմակերպության հայտարարության մեջ։

«Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհի երկարատև արգելափակումը կարող է հանգեցնել մարդասիրական սարսափելի հետևանքների: Անկախ նրանից, թե ով է փակում ճանապարհը, Ադրբեջանի իշխանությունները և այնտեղ տեղակայված ռուսական խաղաղապահ ուժերը պետք է ապահովեն, որ մուտքը բաց մնա՝ ապահովելու ազատ տեղաշարժը և մարդկանց հասանելիությունը կենսական ապրանքներին և ծառայություններին։ Որքան երկար տևի կենսական ապրանքների և ծառայությունների խափանումը, այնքան մեծ է վտանգը քաղաքացիական անձանց համար»,֊ նշվում է «Հյումն ռայթս ուոթչ» (Human Rights Watch) կազմակերպության հաղորդագրության մեջ։

«Ադրբեջանը պարտավոր է դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը, որի հետևանքով Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը մնացել է առանց կենսական նշանակության ապրանքների և ծառայությունների հասանելիության։ Տուժող անձանց ազատ տեղաշարժը և տնտեսական ու սոցիալական իրավունքները պետք է երաշխավորվեն», նշում է «Ամնեսթի Ինթերնեշնլը» (Amnesty International)։

Մարդու իրավունքների պաշտպանն ամենօրյա պարբերականությամբ տեղեկատվություն է փոխանցում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին՝ ակնկալելով նրանց գործուն ներգրավվածությունն ու աջակցությունը Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում։