Ահա  Նիկոլի ու նիկոլենց ողջ կեղծավորությունը Արցախի բլոկադայի և Լաչինի միջանցքը բացելու հարցում. 3

Ու դեռ իրենց իրավունք են վերապահում Ռուսաստանի, ռուսական խաղաղապահների վրա մուննաթ գալ

 

Սկիզբը` այստեղ

 

Այսօր Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ Արցախի կյանքի ճանապարհի արգելափակման 31-րդ օրն, թշնամին արդեն մեկ ամիս ավելի է բլոկադայի է ենթարկել Արցախի Հանրապետությունը, որտեղ արդեն առաջացել են սննդամթերքի, դեղորայքի, առաջին անհրաժեշտության ոչ պարենային ապրանքների, վառելիքի անբավարարության հետ կապված լուրջ խնդիրներ: Երեկ Ալիևը շատ պարզորոշ հասկացրել է, որ մտադիր չէ ապաշրջափակել Լաչինի միջանցքը: Իսկ ի՞նչ են անում Նիկոլն ու նիկոլենք…

Հոդվածաշարի 1-ին մասում նշել էինք, որ թեև Ադրբեջանը շրջափակել է Արցախը՝ զրկելով նրան միակ ցամաքային կապից, Հայաստանը շարունակում է իր օդային տարածքը տրամադրել Ադրբեջանին՝ դեպի Նախիջևան և հակառակ ուղղությամբ չվերթեր կատարելու համար: Նաև ներկայացրել էինք ադրբեջանական ինքնաթիռների առջև Հայաստանի օդային տարածքը չփակելու՝ օրերս հայտնի դարձած պատճառներից մեկը. Հայաստանի իշխանությունները զգուշացել են, որ եթե ադրբեջանական ինքնաթիռների առջև Հայաստանի օդային տարածքը փակեն, դրանով կարող են շարժել Թուրքիայի իշխանությունների զայրույթը, և նրանցից իրենց ակնկալածի՝ Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ օդային բեռնափոխադրումների թույլտվության մերժում ստանալ:

Արցախը բլոկադայի ենթարկած թշնամու ինքնաթիռների համար Հայաստանի օդային տարածքը չփակվեց, Թուրքիան չզայրացավ, հունվարի 6-ին էլ հայտնվեց, որ Հայաստանը և Թուրքիան ուղիղ օդային բեռնափոխադրումներ են սկսում, 2023թ. հունվարի 1-ից թույլատրվում են ուղիղ օդային բեռնափոխադրումները Թուրքիայի և Հայաստանի միջև։ Որոշումից, որն ընդունվել է երկու երկրների հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների բանակցություններից հետո, հիմնականում շահելու են Գռզոն ու բազմաթիվ նիկոլականներ:

Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ օդային բեռնափոխադրումներ սկսելու նպատակը, սակայն, միայն Գռզոյի, մի խումբ նիկոլականների և ինչ-որ թուրք բիզնեսմենների շահերի բավարարումը չէ, դա նույնիսկ երկրորդական նշանակություն ունի:

Նիկոլի ու նիկոլականների համար առաջնայինն ուղիղ օդային բեռնափոխադրումներ սկսելու և հետագա այլ քայլերի միջոցով  Հայաստան- Թուրքիա հարաբերությունների բարելավմամբ հասնելն է մի հանգրվանի, երբ Թուրքիան հայ հասարակությանը կկարողանան ներկայացնել իբրև մեզ բարեկամ պետություն, որից իբր, ի տարբերություն նախկինի, այլևս սպառնալիք չկա: Հետո, երբ հայ հասարակության մի մասն այդ կուտն արդեն կուլ կտա, Հայաստանի, Արցախի, հայության թիվ 1 ներքին թշնամի Նիկոլն ու նիկոլականները կհայտարարեն, որ ռուսական 102-րդ ռազմաբազան մեզ այլևս պետք չէ, քանի որ Թուրքիայից այլևս վտանգ չկա, կբարձրացնեն ռազմաբազան Հայաստանից հանելու հարցը և, ի վերջո, կհասնեն դրան՝ իրականացնելով իրենից մեզ անպաշտպան թողնելու Թուրքիայի երազանքը և ԱՄՆ-ի, Արևմուտքի աշխարհաքաղաքական պատվերը:

«Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստան-Թուրքիա ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացումը 2022թ. հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն էր,- NEWS.am-ի հետ զրույցում  ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:- Ակնկալում ենք, որ մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը, նույնպես շուտափույթ կյանքի կկոչվի»:

Հունանյանը դրական գնահատելով Անկարայի վերոնշյալ քայլը, հավելել է.

«Հայաստանը, ինչպես և նախկինում, կառուցողական կերպով շարունակելու է բանակցություններն ինչպես հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների ձեռք բերած մյուս պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների համար ցամաքային սահմանը հատելու հնարավորության ապահովումը շուտափույթ կյանքի կոչելու, այնպես էլ Հայաստան-Թուրքիա հարաբերություններն ամբողջական կարգավորելու, այն է՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և հայ-թուրքական սահմանի բացման նպատակով» (ընդգծումը՝ մերը):

Կարծում ենք, նույնիսկ հասկանալու դժվարություն ունեցող ընթերցողներին էլ պետք է արդեն պարզ լինի, թե ինչու, չնայած թշնամու կողմից Արցախի բլոկադային, Հայաստանի իշխանությունները մեր երկրի օդային տարածքը չեն փակել Ադրբեջան- Նախիջևան և հակառակ ուղղությամբ չվերթեր իրականացնող ինքնաթիռների առջև:

Սակայն սա դեռ ամենը չէ… Արցախի բլոկադայով նրա բնակչությանը սովահար անելու և ցեղասպանելու, Արցախը հայաթափելու քաղաքականություն վարող Ադրբեջանի մոտ տասնյակի չափ և Թուրքիայի մոտ 100-ի չափ քաղաքացիների Հայաստանում անցյալ տարի անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունք է տրվել: Հավանաբար Նիկոլը կամ նիոլենք էլ Ադրբեջանում ու Թուրքիայում անշարժ գույք ունեն, դրա համար էլ այստեղ չի մերժվել Ադրբեջանի և Թուրքիայի  քաղաքացիների սեփականության իրավունքի գրամցումը, քանի որ պարզ է, թե նման դեպքում Ալիևը և Էրդողանն ինչ կարգադրություն կտային իրենց երկրների պատկան մարմիններին:

Դուք Ադրբեջանում տուն կամ հողամաս ձեռք բերելը նույնիսկ պատկերացնել չեք կարող, մինչդեռ Ադրբեջանի և Թուրքիայի քաղաքացիներն իրենց այստեղ զգում են ինչպես ձուկը ջրում: Թուրքիայի քաղաքացիներից մեկը՝ Բիլալ Աթայը, վերջերս նույնիսկ այնքան է լկտիացել, որ Երևանում, Արին Բերդի փողոցում հունվարի 3-ին հարձակվել է իրենց ծառայությունը կատարող ոստիկանության Պարեկային ծառայության պարեկների ավտոմեքենայի վրա, բռունցքներով հարվածել մեքենայի շարժիչի ծածկոցին, ապա քարով հարվածել ու կոտրել է Արին Բերդի փողոցի 9/2 հասցեում գործող «Դալի» դիսկո-ակումբի դռան ապակին, այս ամենն էլ քիչ համարելով, ոտքով հարվածել է ակումբում գտնվող քաղաքացուն։ Եվ սա՝ դեռ սկիզբն է…

Ահա ցեղասպան Թուրքիայի ու նրա հովանավորությամբ Արցախը բլոկադայի ենթարկած ցեղասպան Ադրբեջանի հանդեպ Նիկոլի ու նիկոլականների վարած քաղաքականության իրական դեմքը:

 

Արթուր Հովհաննիսյան