Կրկին համոզվեցի, որ ժողովուրդը պատրաստ է շարունակելու պայքարը. Դավիթ Իշխանյանը հանդիպումներ է ունեցել Բերդաշենի ենթաշրջանում

Արցախի Հանրապետության  համայնքների բնակչությանը  շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնելու և տեղում առկա խնդիրները վերհանելու նպատակով Ազգային ժողովի պատգամավորների և կառավարության անդամների շրջայցերի շրջանակում նախօրեին  ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը հանդիպել է Մարտունու շրջանի Բերդաշենի և ենթաշրջանի մի շարք համայնքների  բնակչության հետ:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Իշխանյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը փակելու հետևանքով ստեղծված իրավիճակը, ձեռնարկվող քայլերն ու անելիքները:

« Այս այցերի նպատակը ժողովրդին տեղեկացնելն է ու նրանից որոշակի տեղեկություններ ստանալը: Հերթական անգամ համոզվեցի, որ  ժողովուրդը  չի տրտնջում, պատրաստ է տանելու  այս դժվարություններն ու ծանրությունը և շարունակելու մեր պայքարն այն նախանշած ճանապարհով, որ որդեգրել ենք 1988 թվականին»,-նշել է Դ. Իշխանյանը՝ հավելելով, որ համայնքների բնակչության հետ հանդիումների արդյունքում արձանագրված խնդիրներն ու առաջարկությունները ի մի կբերվեն  և կքննարկվեն օպերատիվ շտաբի հետ, ըստ որի էլ կմշակվի հետագա քայլերի ռազմավարությունը:

Բերդաշեն համայնքի ղեկավարի տեղակալ  Արմեն Աբալյանիխոսքով՝ բնակչությանն առավել մտահոգում է անորոշությունը՝ ստեղծված իրավիճակի հետևանքով ու ապագայի նկատմամբ:

Անդրադառնալով գյուղի խնդիրներին, համայնքի ղեկավարի տեղակալը, մեզ հետ զրույցում  իրազեկել է, որ դիզվառելիքի սղության հետևանքով կիսատ են մնացել գյուղատնտեսական որոշ աշխատանքներ:

«Այս շրջանում խաղողայգիները ոռոգելու ժամանակն է, որի համար պետք է վար կատարվի՝ հողը փխրեցնելու և ջուրն անցկացնելու համար: Չնայած մեծամասնությունը մինչ այս հասցրել են կատարել աշնանացանը, սակայն մի մասն էլ կիսատ է մնացել: Հույս կա, որ այդ վարելահողերը կօգտագործվեն գարնանացանի համար»,-մանրամասնել է մեր զրուցակիցը:

Ընդհանուր առմամբ Բերդաշենի բնակչությունը բարձրաձայնել է անվտանգության ապահովմանը,  տրամադրվող  պարենամթերքի համաչափ բաշխման գործիքակազմի ներդրմանն ու գյուղատնտեսական աշխատանքների համար անհրաժեշտ դիզվառելիքի խնդիրները:

Հանդիպմանը ներկա  էր Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Էդիկ Ավանեսյանը, ով բերդաշենցիների բարձրաձայնած հարցերին  ի պատասխան  տեղեկացրել է , որ դրանց  մի մասն արդեն իսկ քննարկվել է օպերատիվ շտաբում և առաջիկայում լուծում կստանան: