Արցախի հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացը հունվարի 9-ից ինչպե՞ս է կազմակերպվում

ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է․ «Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակվելու պատճառով  հանրակրթական դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում  ուսումնական գործընթացը ս.թ. հունվարի 9-ից կկազմակերպվի հետևյալ եղանակով.

Նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կկասեցվի։

Հանրակրթական դպրոցները կշարունակեն գործել բնականոն հունով:

Դադարեցված ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

Արցախն ամբողջական շրջափակման մեջ է: Դեկտեմբերի 12-ի առավոտյան ադրբեջանական կողմը բնապահպանական կեղծ պատրվակներով փակել է Ստեփանակերտ-Գորիս-Երևան միջպետական մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկը՝ Արցախը Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետևանքով Հայաստանից ամեն օր 400 տոննա սննդամթերք ու դեղորայք հնարավոր չի լինում հասցնել Արցախի Հանրապետություն։