Բելառուսի տարածքում S-300 հրթիռ է ընկել

ԲելՏա բելառուսական պետական լրատվական գործակալության հաղորդագրության համաձայն, այսօր առավոտյան Բելառուսի տարածքում S-300 տեսակի հրթիռ է ընկել:

Միջադեպը տեղի է ունեցել ժամը 10-ի և 11-ի սահմաններում: Տուժածների մասին տեղեկություն չկա: Պաշտոնապես չհաստատված տեղեկությունների համաձայն, հրթիռն ընկել է Բրեստի շրջանի Իվանովո գյուղի մոտակայքում:

Պատկան ծառայություններն այդ միջադեպի մասին անմիջապես տեղեկացրել են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին:

Հրթիռի ընկելու երկու վարկած է շրջանառվում։ Ըստ Բելառուսի ուժային կառույցների՝ հրթիռը շեղվել է հետագծից և ընկել է Բելառուսի տարածքում, ինչպես դա վերջերս Լեհաստանում էր եղել կամ էլ ընկած հրթիռը խոցվել է Բելառուսի ՀՕՊ համակարգի կողմից:

Ռուսաստանը և Ուկրաինան առայժմ չեն մեկնաբանել Բելառուսի տարածքում S-300 տեսակի հրթիռի ընկնելու թեման: