Սեյրան Օհանյանը կհարցաքննվի Դավիթ Տոնոյանի գործով

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ։ Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մերժել է նախկին նախարարի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու՝ պաշտպանների միջնորդությունը։

Ըստ փաստաբանի՝ դատարանը մերժել է գրավի միջնորդությունը՝ որոշման հիմքով դնելով այն, որ Դավիթ Տոնոյանը, մնալով ազատության մեջ, կարող է ազդեցություն ունենալ կոռուպցիոն գործով անցնող վկաների վրա։

Փաստաբան Հովհանիսյանը նշել է նաև, որ վկաների ցուցակում կա Սեյրան Օհանյանը։

Օհանյանը Տոնոյանի՝ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում ՊՆ-ում որևէ պաշտոն չի զբաղեցրել։

Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը մեղադրյալ է «Անպիտան հրթիռների» գործով, մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու մեջ։