Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրեց Սիսիանի ավագանու լիազորությունները. նոր ընտրություններ կանցկացվեն

Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 29-ի նիստում Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին որոշում կայացրեց:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ այս տարվա սեպտեմբերի 25-ին Սիսիան համայնքում կայացելեն համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններ:

Ընտրությունների արդյունքում օրենքով նախատեսված նվազագույն ընտրական շեմը հաղթահարել են «Աշխատանք և արդարություն» դաշինքը, «Ապրելու երկիր», «Մեկ Հայաստան», «Հանուն հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները:

Հոկտեմբերի 12-ին նորընտիր ավագանին իր առաջին նիստի ընթացքում Արմեն Բենյամինի Հակոբջանյան ընտրել է որպես համայնքի ղեկավար: Հոկտեմբերի 15-ին և 18-ին նշանակված ավագանու արտահերտ նիստերը՝ համայնքի ղեկավարի երդման արարողություն անցկացնելու օրակարգով, քվորում չլինելու պատճառով չեն կայացել և Արմեն Հակոբջանյանը չի ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները:

Թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին ներկայացված ավագանու անդամի մանդատից հրաժարվելու դիմումների արդյունքում «Աշխատանք և արդարություն» դաշինքը, «Ապրելու երկիր», «Մեկ Հայաստան» կուսակցությունների ավագանու անդամների մանդատները թափուր են մնացել: Արդյունքում ավագանու 21 անդամներից ավագանու կազմում մնացել է ավագանու թվով 10 անդամ:

Դեկտեմբերի 14-ին Սիսիան համայնքի ընտրված ղեկավար Արմեն Հակոբջանյանը ներկայացրել է հրաժարականի դիմում:

«Ընտրական օրենսգիրք» Սահմանադրական օրենքի 142.3-րդ հոդվածի համաձայն՝ «Համայնքի ղեկավարի պաշտոնը թափուր մնալուց հետո ավագանու սահմանած ժամկետում, սակայն ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում անցկացվում է համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն` համայնքի ղեկավարի ընտրության համար սահմանված կարգով»: