ՊՆ-ը նախատեսում է մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ

ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ: Որոշման նախագիծը հրապարակված է e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման  վարժական հավաքների անցկացման, ինչպես նաև ՀՀ զինված ուժերի մարտական հերթապահությունն ուժեղացնելու նպատակով ՀՀ զորահավաքային մարդկային ռեսուրսները և տրանսպորտային միջոցները վարժական հավաքների և մարտական հերթապահության ընդգրկելու անհրաժեշտությամբ:

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անհրաժեշտություն է զինված ուժերում ունենալ մարտունակ ստորաբաժանումներ` համալրված բարձր մասնագիտական պատրաստվածությամբ և ռազմաուսուցված պահեստազորայիններով, ինչպես նաև տրանսպորտային միջոցներով, նպատակահարմար է պահեստազորայիններին վարժական հավաքների ընդգրկումը` ներգրավելով մարտական հերթապահության, իսկ վարժական հավաքների ապահովման համար՝ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից տրանսպորտային միջոցների ներգրավվումը:

Այս նպատակով Զինված ուժերի զորամասերում իրականացվում են պահեստազորայինների ռազմական հմտությունների  կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքներ ու զորքերն աստիճանաբար համալրվում են ավելի պատրաստված և անհրաժեշտ  զինվորական հաշվառման մասնագիտություն ունեցող պահեստազորայիններով», – նշված է նախագծում: