Ստացվում է՝ Լաչինի միջանցքը չի գտնվում խաղաղապահների վերահսկողության ներքո. Փաշինյանը՝ Պուտինին

Տվյալ պահին գլխավոր հարցը, ամենաօպերատիվ հարցն այն ճգնաժամն է, որն առկա է Լաչինի միջանցքում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 27-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առանձնազրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, ասել է. «Շնորհակալություն Վլադիմիր Վլադիմիրի, առաջին հերթին թույլ տվեք շնորհակալություն հայտնել հրավերի և ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի կազմակերպման համար: Սա արդեն լավ ավանդույթ է դառնում:

Իհարկե, Դուք ճիշտ եք, տվյալ պահին գլխավոր հարցը, ամենաօպերատիվ հարցն այն ճգնաժամն է, որն առկա է Լաչինի միջանցքում: Գիտեք, արդեն գրեթե 20 օր է՝ Լաչինի միջանցքը փակված է: Դա Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է: Ցանկանում եմ հիշեցնել, որ համաձայն ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի եռակողմ հայտարարության` Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորել է ուղևորների, բեռների, մարդկանց անխոչընդոտ տեղաշարժը Լաչինի միջանցքով:

Այժմ ստացվում է, որ Լաչինի միջանցքը չի գտնվում ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և ցանկանում եմ քննարկել այդ իրավիճակը, թե ինչպիսի տարբերակներ կան:

Շնորհակալություն հանդիպման համար»: