Հայաստանին ստիպում են միջանցք տրամադրել Ադրբեջանին, անդամակցել միութենական պետությանը. ԱԽ քարտուղար․ «Ազատություն»

«Ազատությունը» գրում է, որ իշխանությունն առաջին անգամ ամենաբարձր մակարդակով հայտարարում է՝ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ստիպում է Հայաստանին իր սուվերեն տարածքով միջանցք տրամադրել Ադրբեջանին, ինչպես նաև անդամակցել Ռուսաստան-Բելառուս ձևավորվող միութենական պետությանը։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում երեկ ուղիղ հայտարարել է՝ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժումը, ինչպես նաև Լաչինի միջանցքի փակումը Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա բանեցվող ճնշումների շրջանակում են։

Գրիգորյանի պնդմամբ՝ վերջին շրջանում վառ արտահայտվող հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամի հիմնական պատճառը հենց սա է։

«Այդ լայն կոնտեքստը, այսպես ասած, Ադրբեջանին աջակցելու, Հայաստանի տարածքով այսպես կոչված միջանցքային տրամաբանության որևէ ճանապարհ ստանալու կոնտեքստում է: Հայաստանը շարունակում է դիմադրել սրան: Ի դեպ, կարող եմ հստակ ասել, որ սեպտեմբերի 13-ի սրացումը նաև փոխկապակցված է սրա հետ, և ամբողջ ճգնաժամի հենքը կամ դրդապատճառը հիմնական սա է», – հայտարարել է Գրիգորյանը: