Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր ռազմական և պաշտպանական իրադարձությունները՝ հակիրճ

«Հենակետ» վերլուծական կենտրոնը ամփոփել է Հայաստանը շրջապատող մեծ տարածաշրջանում տեղի ունեցող առավել կարևոր ռազմական և պաշտպանական իրադարձությունները:

Չինաստան

  • Արևելաչինական ծովի ջրատարածքում անցկացվում են «Ծովային փոխգործակցություն-2022» լայնածավալ ռազմածովային զորավարժություններ, որոնց մասնակցում են Ռուսաստանի ռազմածովային ուժերի և Չինաստանի ռազմածովային ուժերի ռազմանավերը։
  • Թայվանը պայմանագիր է կնքել Միացյալ Նահանգների հետ 3,41 միլիարդ թայվանական դոլար (110,7 միլիոն ԱՄՆ դոլար) արժողությամբ նավերի մասերի գնման համար: Իրականացման ժամկետը մինչև 2024թ.:
  • Ճապոնիան ներկայացրել է Ազգային անվտանգության ռազմավարության հիմնական կետերը և կենտրոնացել է Ռուսաստանի, Չինաստանի և Հյուսիսային Կորեայի վրա։ Այնուհետև նշվել է, որ հիմնական սպառնալիքը Չինաստանն է։ Տոկիոն նախատեսում է ավելացնել սպառազինությունը, կառուցել զինամթերքի պահեստներ, համագործակցել ամերիկացիների հետ, պատրաստվել Թայվանական սցենարին։
  • Չինական բանակի ռազմածովային ուժերի հյուսիսային նավատորմի ավիակիր հարվածային խումբը դեկտեմբերի 15-16-ն ընկած ժամանակահատվածում վարժանքներ անցկացնելու համար ելման կետից անցում է կատարել Դեղին, Արևելաչինական ծովերով, Միյակո նեղուցով դեպի Խաղաղ օվկիանոս:
  • Չինաստանում սկսել է գործել Չինական բանակի ՌԾՈւ Հարավային նավատորմի Յուլին ռազմածովային բազայի գտնվելու վայրում կառուցված նոր չոր նավահանգիստը։
  • ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բերնսը Թայվանի շուրջ ռազմական հակամարտության հավանականության աճ է կանխատեսում։
  • Չինաստանի զինված ուժերն առաջին անգամ գործարկել են Բամդա օդանավակայանը (Տիբեթի ինքնավար շրջան) Հնդկաստանի զինված ուժերի հետ այս տարվա դեկտեմբերին սահմանային բախումից ի վեր։ Այսպիսով, Չինաստանն ընդլայնում է սահմանի երկայնքով ռազմական օդանավակայանների իր ցանցը ռազմական հակամարտության դեպքում:
  • Թայվանը ծրագրում է ուժեղացնել առափնյա պաշտպանությունը հականավային հրթիռների շարժական էսկադրիլիաների ձևավորման հաշվին։
  • Հնդկաստանը ռեկորդային թվով ուժեր է տեղակայել Չինաստանի հետ սահմանին, և Դելին ճնշում է գործադրում Պեկինի վրա՝ դեէսկալացիայի և սահմանազատման նպատակով, հայտարարել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանքարը։
  • ԱՄՆ-ի բյուջեի նախագիծը ներառում է 1,8 միլիարդ դոլար՝ հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրներում Չինաստանի ազդեցությանը դիմակայելու համար:
  • Հարավային Կորեան Սոնջու ռեգիոնում ԱՄՆ-ին լրացուցիչ 40 հա (98 ակր) հող է հատկացրել THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգը տեղակայելու համար։ Վաշինգտոնի գործողությունների ֆոնին էլ ավելի լարված կլինեն Պեկինի և Սեուլի միջև հարաբերությունները տարածաշրջանում։ Իսկ վերջին իրադարձությունները կարող են հրահրել սպառազինությունների մրցավազք Սեուլի և Փհենյանի միջև:
  • Չինաստանն իրականացրել է «Ֆեյհուն-98» (FH-98) բեռնատար անօդաչու ինքնաթիռի փորձարկումները։ Նպատակն է գնահատել փրկարարական աշխատանքներին թռչող սարքի ներգրավման հնարավորությունները։ Ինքնաթիռը թռիչք է կատարել դեպի ծովային տարածք՝ ափամերձ գծից 350 կմ հեռավորության վրա։ Օդանավից 500 կգ ընդհանուր քաշով բեռ է նետվել պարաշյուտային եղանակով։
  • 2012թ.-ից ի վեր Չինաստանը և Ռուսաստանը 10 համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացրել։ Երկու կողմերն էլ աստիճանաբար ձևավորել են փոխադարձ վստահության և խորը համագործակցության բարձր աստիճանի հիման վրա համատեղ զորավարժությունների և դրանց անցկացման մեթոդների կազմակերպման համեմատաբար հասուն և ստանդարտացված մոդել։

Ռուսաստան

  • Վլադիմիր Պուտինի և Ալեքսանդր Լուկաշենկոյի բանակցությունների արդյունքում Ռուսաստանն ու Բելառուսը կշարունակեն մշտական զորավարժությունների պրակտիկան։ Կողմերը պայմանավորվել են զբաղվել նոր ռազմական տեխնիկայի ստեղծմամբ։ Մոսկվան և Մինսկը համատեղ կձեռնարկեն բոլոր միջոցները երկրների անվտանգության հուսալի ապահովման համար, առաջնահերթ են զորքերի պատրաստման հարցերը։
  • ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պահանջել է ճշգրտել պաշտպանական-արդյունաբերական համալիրի և պետական պաշտպանության պատվերի զարգացման պարամետրերը: Ձգձգումն ու ֆորմալ Մոտեցումն այստեղ անթույլատրելի են, նշել է նախագահը։ Պետության ղեկավարը նաև պահանջել է գործարկել ռոբոտաշինության և ավիացիոն անօդաչու թռչող սարքերի զարգացման նոր ծրագրեր:
  • Տվերի մարզում մարտական հերթապահության է անցել ժամանակակից «Յարս» շարժական հրթիռային համալիրներով հագեցած հրթիռային գունդը, ինչպես նաև Յասնենսկի հրթիռային միավորում մարտական հերթապահության է անցել նաև «Ավանգարդ» հրթիռային համալիրը։
  • ՌԴ նախագահ Պուտինն այցելել է հատուկ ռազմական գործողության մեջ ներգրավված զորքերի միացյալ շտաբ: Պետության ղեկավարը ծանոթացել է շտաբի աշխատանքներին, լսել է իր շտաբի առաջընթացի մասին զեկույցը, ինչպես նաև խորհրդակցություն և առանձին հանդիպումներ է ունեցել հրամանատարների հետ:
  • Մոսկվայի մարզի զինվորական կոմիսար գնդապետ Ալեքսեյ Աստախովը հայտարարել է, որ ՌԴ օրենսդրության մեջ ներկայումս փոփոխություններ չեն նախատեսվում զորակոչի ընթացքում զինվորական ծառայության ժամկետների փոփոխության վերաբերյալ:
  • Ռուսաստանի ռազմածովային ուժերի մի խումբ նավեր՝ «Վարյագ» հրթիռային հածանավի գլխավորությամբ, լքել են Վլադիվոստոկի ռազմակայանը և դուրս եկել ծով, դեկտեմբերի 21-27-ը Արևելաչինական ծովի ջրատարածքում չինացի գործընկերների հետ համատեղ զորավարժություններին մասնակցելու համար։
  • Պուտինը Մոսկվայի մարզի, Ղրիմի և Սևաստոպոլի ղեկավարությանը խորհուրդ է տվել հատուկ ռազմական գործողության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին անհատույց հողատարածքներ տրամադրել։
  • Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ 150 հազար մոբիլիզացված քաղաքացի այժմ պատրաստություն է անցնում: Ռազմական գործողություններին նրանք չեն մասնակցում, այլ փաստացի ռազմավարական ռեզերվ են։
  • ՌԴ քաղաքացիների զինվորական ծառայության զորակոչման տարիքի բարձրացումը 18 տարեկանից մինչև 21 տարեկան, կարող է իրականացվել միայն օրենսդրության փոփոխությունների միջոցով, որը կարող է տեղի ունենալ հաջորդ տարի։ Հայտարարել է ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի ղեկավար Անդրեյ Կարտապոլով։

Թուրքիա

  • Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Վլադիմիր Պուտինին առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ՝ Արաբական Հանրապետության հյուսիսում քրդական ուժերի դեմ ցամաքային գործողություն իրականացնելու Անկարայի նախապատրաստման համատեքստում։
  • Թուրքիայի ՊՆ-ն հայտարարել է, որ Հունական F-16 կործանիչները փորձել են որսալ թուրքական ռազմական ինքնաթիռները՝ իրենց ռադարները միացնելով թիրախի գրավման ռեժիմում։ Թուրքական կործանիչները խնդիր էին կատարում ՆԱՏՕ-ի շահերից ելնելով։ Թուրքական F-16-ները, որոնք թռել են Դալամանից և Աքհիսարից, տվել են անհրաժեշտ պատասխանը և ապահովել ՆԱՏՕ-ի առաքելության հաջող իրականացումը։
  • Մոտ 100 մարտական տանկ և հետևակի մարտական մեքենա, առնվազն 50 հրետանային համակարգ և սիրիական բանակի ավելի քան 2000 զինծառայող լրացուցիչ տեղափոխվել են Հալեպի նահանգ՝ քրդական ուժերի դեմ Թուրքիայի զինված ուժերի հնարավոր ցամաքային գործողության նախաշեմին, որոնց օգտին պատրաստ է հանդես գալ Արաբական Հանրապետության Կանոնավոր բանակը:
  • Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան աշխատում է մինչև 1000 կմ հեռահարության «TAYFUN» բալիստիկ հրթիռների ստեղծման վրա։ Ըստ Էրդողանի՝ ներկայումս թուրքական բանակի սպառազինության հեռահար հրթիռային համակարգերից ամենաերկարը համարվել են «BORA» համակարգերը, որոնց խոցման շառավիղը 280կմ էր:
  • Թուրքիային հաջողվել է դուրս բերել իր երկու տրանսպորտային ինքնաթիռները որոնք կանգնած էին մնացել Ուկրաինայի Բորիսպոլ օդանավակայանում՝ հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո։
  • Թուրքական բանակի գեներալ-լեյտենանտ Բահթիյար Էրսայը ծառայության է անցել Ադրբեջանում՝ որպես պաշտպանության նախարարի խորհրդական։
  • Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրված «Ռազմական և նյութատեխնիկական համագործակցության համաձայնագրերի» շրջանակում Թուրքիայից Վրաստանի զինված ուժերին են փոխանցվել ուղղաթիռների տարբեր պահեստամասեր, օդանավակայանի լվացման և մաքրման սարքեր։

Իրաք

  • Երեք իրաքցի զինվորականներ զոհվել են պայթուցիկ սարքի պայթելու հետևանքով, ևս երկուսը տուժել են։ Նշվում է, որ պայթյունը որոտացել է Հավիջա քաղաքում, որը գտնվում է երկրի հյուսիսում գտնվող Քիրքուք նահանգում:
  • Իրաքի հյուսիսային Քիրքուք նահանգում մի քանի ոստիկանական մեքենաների ճանապարհին ծայրահեղականների կողմից տեղադրված ռումբի պայթյունի հետևանքով ոստիկանների շրջանում կա 10 զոհ։
  • Իրաքի զինված ուժերը ձերբակալել են երեք ահաբեկիչների, որոնք փորձել են ներխուժել երկրի արևմուտքում Անբար նահանգի Էր Ռամադի քաղաք:

Սիրիա

  • Սիրիան պահանջում է վերջ դնել իր տարածքում ԱՄՆ ուժերի ռազմական ներկայությանը, հայտարարել են Սիրայի ԱԳՆ-ում։
  • Թուրքիայի Դիարբեքիր նահանգում Սիրիայի հետ սահմանին հարձակում է կատարվել ոստիկաններով ավտոբուսով: Ավտոբուսի ճանապարհին պայթեցվել է ականապատ ավտոմեքենա։
  • Ուկրաինային փոխանցված արևմտյան զենքը՝ մասնավորապես Javelin-ները հայտնվել են Սիրիայում։ Ամերիկյան Javelin-ի, բրիտանական NLAW-ի և իսպանական սպառազինության՝ Սիրիայում հայտնվելու տեսանյութը տարածել է արաբ վարձկանը, ով հանդես է գալիս «Ազատ Սիրիայի» օգտին։
  • Դեկտեմբերի 20-ի լույս գիշերը Դամասկոսի արվարձանում Իսրայելի հրթիռային հարվածի արդյունքում երկու սիրիացի զինծառայողի է վիրավորվել։
  • Իսրայելական ինքնաթիռները հարված են հասցրել ռազմական օբյեկտներին, որոնք գտնվում են Դամասկոս նահանգի տարածքում։ Նշվում է, որ թիրախավորվել են պրոիրանական զինված կազմավորումները։
  • ԱՄՆ Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է Սիրիայում «Իսլամական պետության» 6 գրոհայինների ձերբակալման մասին: Ձերբակալվածների թվում է դաշտային հրամանատարը, որը պատասխանատու էր տարածաշրջանում ահաբեկչությունների կազմակերպման համար։

Իսրայել

  • Դեկտեմբերի 18-ին Իսրայելի ռազմական դատարանը ցմահ ազատազրկման և 32 տարվա լրացուցիչ ազատազրկման է դատապարտել 2016 թվականի փետրվարին Երուսաղեմում տեղի ունեցած հրաձգությանը մասնակից պաղեստինցուն, որի հետևանքով զոհվել էր սահմանապահ Ադար Քոենը:
  • Իսրայելի բանակը հայտնել է Հոլանի բարձունքների և Հերմոն լեռան շրջանում զորավարժությունների մեկնարկի մասին։ Զորավարժությունների նպատակն է բարձրացնել ստորաբաժանումների պատրաստվածությունը արտակարգ իրավիճակներին՝ շեշտը դնելով ցամաքային և օդային միջոցների մարտական ինտեգրման վրա։
  • Իսրայելցի զինվորականները տարեսկզբից ավելի քան 30 անգամ հարվածել են Սիրիայի տարածքում թիրախների։ Նշվում է, որ իսրայելական օդային հարվածների են ենթարկվել գրեթե 9 տասնյակ տարբեր օբյեկտներ։ Այդ գրոհների արդյունքում Սիրիայում 85 զինվորական է սպանվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել։ Տուժել են նաև ավելի քան 20 խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։
  • Իսրայելն ուժեղացրել է հետախուզական օգնությունն Ուկրաինային ՆԱՏՕ-ի խողովակով։ Այս մասին հայտնում է Haaretz թերթը՝ վկայակոչելով Բրյուսելի իր աղբյուրներին։ Պարբերականը նշում է, որ այս ամենի համար «կատալիզատոր է դարձել Իրանի ռազմական օգնությունը», որը ցուցաբերվում է Ռուսաստանին։

Աֆղանստան

  • Դեկտեմբերի 18-ին մի խումբ իսլամիստ գրոհայիններ գրավել են Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Բաննու քաղաքի Հակաահաբեկչական կենտրոնը:
  • Իրանում ավելի քան 3 մլն աֆղանցի փախստական է գտնվում։
  • Աֆղանստանից ՀԱՊԿ երկրներ ուղղակի ներխուժման վտանգ չկա, հայտարարել է Ստանիսլավ Զասը։
  • Պակիստանում կալանքի տակ են գտնվում 1500 աֆղանցիներ։
  • ԻՊ-ի վերջին 3 ահաբեկչություններն իրականացրել է Տաջիկստանի քաղաքացիներից կազմված բջիջներից մեկը։ Այս մասին հայտարարել է «Աֆղանստանի Իսլամական կուսակցության» առաջնորդ Գյուլբեդդին Հեքմաթիյարը։

ՆԱՏՕ

  • Սերբիայի կառավարությունը դեկտեմբերի 16-ի երեկոյան KFOR-ին Էլեկտրոնային հարցում է ուղարկել Կոսովոյի հյուսիսում Սերբ ուժայինների տեղակայման վերաբերյալ և փաստաթուղթը տպագիր տարբերակով փոխանցել է ՆԱՏՕ-ի ուժերին։
  • «Spiegel» գերմանական պարբերականը գրել է, որ «Puma» հետևակի բոլոր 18 մարտական մեքենաները, որոնք մասնակցել են Բունդեսվերի վերջին զորավարժություններին, շարքից դուրս են եկել տեխնիկական պատճառներով։ Ի դեպ հենց այս մոդելի զրահամեքենան նախատեսվում էր համալրել ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի ռազմատեխնիկական պարկը։ Գերմանիայի ՌՕՈւ-ն հրաժարվել է «Puma» ՀՄՄ-ների հետագա գնումներից՝ դրանց ցածր հուսալիության պատճառով։ ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի համար կօգտագործվեն Marder զրահամեքենաներ։
  • Չնայած Կոսովոյի հյուսիսում շարունակվող էսկալացիային, ՆԱՏՕ-ն հայտարարել է Նովո Սելոյի KFOR բազայի շրջանում ճգնաժամային իրադրության պայմաններում միջազգային զորակազմի տեղաշարժի ազատության ապահովմանն ուղղված մարտավարական զորավարժությունների անցկացման մասին:
  • ՌԴ ՊՆախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ անհրաժեշտ է ձևավորել 3 մոտոհրաձգային դիվիզիա, այդ թվում՝ Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում, և բանակային կորպուս Կարելիայում (ֆիննական ուղղություն), քանի որ Ֆինլանդիան միանում է ՆԱՏՕ-ին։

ՀԱՊԿ

  • ՀԱՊԿ միացյալ շտաբի բազայի վրա կայացել են կազմակերպության անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների խորհրդակցությունները՝ Հավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների և ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ պատրաստման փաստաթղթերի քննարկման նպատակով։
  • Ստանիսլավ Զասը տեղեկացրել է 2022 թվականին ՀԱՊԿ գործունեության արդյունքների և Երևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանի արդյունքների մասին։ Գլխավոր քարտուղարը նաև խոսել է 2023 թվականին ՀԱՊԿ-ում Բելառուսի Հանրապետության նախագահության ընթացքում ՀԱՊԿ-ի առջև ծառացած հիմնական խնդիրների և առաջնահերթությունների, ինչպես նաև ձեռնարկվող քաղաքական քայլերի և ՀԱՊԿ-ի ռազմական ներուժի կատարելագործման մասին:
  • Լաչինի միջանցքի հետ կապված հարցի լուծումը, որը Երևանը բարձրացնում է միջազգային մակարդակով, ՀԱՊԿ պատասխանատվության գոտուց դուրս է, ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
  • Հայաստանին օգնության միջոցների մասին որոշման նախագիծը նախատեսում էր ռազմատեխնիկական օգնության ցուցաբերում։ Զասը տեղեկացրել է, որ չնայած որոշակի ցանկ չկար, սահմանին ՀԱՊԿ առաքելության ընթացքում Հայաստանից հարցում է ստացվել տեխնիկայի և սպառազինության մասին։ Ստանիսլավ Զասի խոսքով՝ դա չի նշանակում, թե վաղը ինքնաթիռ էր թռչելու սպառազինությամբ, բայց դա հնարավորություն կտար պաշտպանության նախարարություններին աշխատել այդ ցանկի շուրջ և իրականացնել, եթե պետության ղեկավարները հաստատեին։
  • Ստանիսլավ Զասը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ը մտադրություն չունի Հայաստանից հեռանալ կամ երես թեքել Հայաստանի խնդիրներից: Զասը այս մասին հայտարարել է տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե մտադիր է արդյոք ՀԱՊԿ-ը Հայաստանից հեռանալ: