Մեծ պատերազմից հինգ պակաս է. 7

Պուտինը կկարողանա՞ կանխել այն…

 

Սկիզբը` այստեղ

Ադրբեջանն արդեն 11-րդ օրն է, ինչ Շուշի-Քարինտակ խաչմերուկում արգելափակել է Արցախի Հանրապետությունը Հայաստանին և, ընդհանրապես, ողջ աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Արցախի համար կյանքի ճանապարհի նշանակություն ունեցող Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքներն Արցախում արդեն սկսել են իրենց զգացնել տալ առողջապահության, պարենային ապահովության, հեղուկ վառելիքի և այլ ոլորտներում: Ընդհատված է նաև Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Լիսագոր և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Այս հրապարակմամբ փորձենք պատասխանել ընդամենը մեկ հարցի՝ կա՞, արդյոք, հիշյալ ճանապարհը բացելու այլ հնարավորություն, եթե Արցախի և ՌԴ ղեկավարներն Ադրբեջանի (ՌԴ պարագայում նաև Թուրքիայի) հետ պատերազմից խուսափելու պատճառով առաջիկայում էլ չփորձեն Լաչինի միջանցքը բացել ուժային եղանակով, իսկ բանակցություններն այդպես էլ արդյունք չտան, ինչպես չեն տվել մինչև այժմ:

Ի սկզբանե նշենք, որ այդ հնարավորությունը կա, եթե կարողանանք ճանապարհների արգելափակմամբ Ադրբեջանի վրա գոնե համարժեքին մոտ ճնշում գործադրել: Միաժամանակ հարկ է նկատի ունենալ, որ նշված հնարավորությունը, ցավոք, շատ փոքր է, ընդ որում, կախված է մի նախապայմանից, որի վերաբերյալ որոշակի տեղեկատվություն չունենք:

Արցախում, Հայաստանում ու Սփյուռքում շատ հայեր դեկտեմբերի 20-ին ուրախությամբ ու նույնիսկ ոգևորությամբ ընդունեցին այն լուրը, որ Ադրբեջանի կողմից երբեմնի Բերձորի (09.11.2020թ. եռակողմ հայտարարությունում՝ Լաչինի) միջանցքը փակելուց հետո, Իրանն, արդեն մի քանի օր է, փակել է իր տարածքով անցնող Բաքու-Նախիջևան մայրուղին:

Անշուշտ, ողջունելի է և երախտագիտության արժանի, որ բարեկամ Իրանը հայերիս հանդեպ Ադրբեջանի թշնամական քայլին արձագանքել է այդ կերպ և Լաչինի միջանցքը փակելու դիմաց, թեկուզ բոլորովին այլ պատճառաբանությամբ փակել է իր տարածքով անցնող հիշյալ մայրուղին (որքան տեղյակ ենք, պատճառաբանվել է ինչ- որ ճանապարհաշինարարական աշխատանքների կատարումը):

Սակայն Բաքու-Նախիջևան մայրուղին, եթե այն նույնիսկ երկար ժամանակով փակված պահվի, ցավոք, համարժեք չէ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակմանը: Համարժեք չէ առնվազն երկու պատճառով:

Նախ, Բաքու-Նախիջևան մայրուղու փակումից հետո էլ Նախիջևանը շրջափակման մեջ չի գտնվում, ինչպես Արցախը, որը զրկվել է Հայաստանի և Հայաստանի միջոցով մնացյալ ողջ աշխարհի հետ իր տրանսպորտային կապի միակ հնարավորությունից: Մինչդեռ, դեղորայքի, սննդամթերքի, վառելիքի և մնացած ապրանքների մատակարարումը Նախիջևան շարունակվում է Թուրքիայից: Նախիջևանում դրանց պակասի կամ սպառվելու առումով, ի տարբերություն Արցախի, որևէ խնդիր չկա ու չի կարող լինել: Նախիջևանից նույնպես ուղևորների ու բեռների փոխադրումը շարունակվում է Թուրքիա և Թուրքիայի միջոցով այլ պետություններ:

Երկրորդ, Նիկոլի ու նիկոլականների դավաճանական, հայադավ քաղաքականության արդյունքում Ադրբեջանից Նախիջևան և հակառակ ուղղությամբ ուղևորների ու բեռների ավիափոխադրումները Լաչինի միջանցքի փակումից հետո էլ շարունակվում են իրականացվել Հայաստանի օդային տարածքով: Մինչդեռ, որպեսզի Իրանի կողմից Բաքու-Նախիջևան մայրուղին փակելն Ադրբեջանի համար վերածվի միգուցե արդեն զգալի ճնշամիջոցի, անհրաժեշտ է կարիքից դրդված ու դրանից ծնված իրավունքի ուժով անհապաղ փակել Հայաստանի օդային տարածքը Բաքվից ու Գյանջայից (երբեմնի հայկական Գանձակից) Նախիջևան ու հակառակ ուղղությամբ թռիչքներ իրականացնող ինքնաթիռների համար:

Բայց ո՞վ փակի… Նիկոլը, նրա իշխանությունը դա անո՞ղ են… Եթե նշված թռիչքներն արգելողը լինեին, արդեն իսկ պետք է արգելած լինեին, բայց դրանց դիմաց նույնիսկ Հայաստան- Արցախ- Հայաստան թռիչքների իրականացման իրավունք չեն պահանջում Ադրբեջանից, փոխարենը Լաչինի միջանցքի փակ լինելու համար նախընտրում են մեղադրել ռուսական խաղաղապահներին ու Ռուսաստանին:

Ի տարբերություն Իրանի կողմից Բաքու-Նախիջևան մայրուղին և Հայաստանի կողմից Ադրբեջան- Նախիջևան- Ադրբեջան չվերթներն իրականացնող ինքնաթիռների համար մեր երկրի օդային տարածքը փակելու, առավել ազդեցիկ ճնշամիջոց է ադրբեջանցիների դիմաց Մարտակերտի ճանապարհը փակելը և թույլ չտալը, որ նրանք հասնեն Քարվաճառ: Արցախցիները դա արդեն առնվազն 5 օր առաջ արել են՝ ադրբեջանցիներին արգելելով Աղդամից Մարտակերտի ճանապարհով հասնել Քարվաճառ և այնտեղ գտնվող մի քանի հազար ադրբեջանցի զինվորներին ապահովել անհրաժեշտ մատակարարումներով։

Լաչինի միջանցքը, սակայն, դեռ մնում է փակ, այսինքն՝ նշված ճնշամիջոցի արդյունքը դեռ չկա: Հավանաբար դրա համար ժամանակ է պետք: Հուսանք, որ առաջիկայում կլինի ակնկալվող արդյունքը, եթե, իհարկե, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունն արցախցիների նշված քայլը ժամանակին կանխատեսելով, Քարվաճառում գտնվող իր զորքին նախապես չի ապահովել թե՛ զինամթերքի բավարար պաշարով, թե՛ առաջին անհրաժեշտության ամեն ինչով:

Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 26-27-ին նախատեսված է ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների ոչ ֆորմալ գագաթնաժողովը: Այդ առիթով հանդիպելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կասկածից գրեթե դուրս է, որ նրան փորձելու է համոզել հարգել իրենց իսկ ստորագրած 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և բացել ճանապարհը: Եթե Ալիևն այս անգամ էլ զանց առնի նրա հորդորը կամ պահանջը, ինչպես միջանցքը փակելու հենց առաջին օրը՝ դեկտեմբերի 12-ին, իսկ Մարտակերտի ճանապարհի փակումն էլ ակնկալվող արդյունքը չտա, ապա Լաչինի միջանցքը բացելու միակ ճանապարհը հարկադրաբար կմնա ուժայինը, որից հետո մեծ պատերազմը կդառնա գրեթե անխուսափելի, եթե ոչ անխուսափելի:

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան