Լաչինի միջանցքի խնդրի վերաբերյալ Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել Ջեյք Սալիվանի հետ

Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի հարցի շուրջ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԽ գրասենյակը։

«ԱԽ քարտուղարը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ, ինչի շրջանակներում զրուցակիցներն ընդգծել են իրադրության շուտափույթ հանգուցալուծման կարևորությունը և խաղաղության բանակցությունների շուրջ աշխատանքների շարունակումը»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հեռախոսազրույցում կողմերն անդրադարձել են նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին և բարձր են գնահատել կայուն զարգացման դինամիկան և կարևորել դրա շարունակականությունը:

Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։

Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։