Նախիջևանյան օպերացիա․ ի՞նչ կապ ունի Իրանը, ի՞նչ կապ ունի այս ամենը մեզ հետ

Նախիջևանի ինքնավար հանրապետության Միլլի մեջլիսի երեկվա արտահերթ նիստում երեկ Վասիֆ Թալիբովի բացակայությամբ ընթերցեցին առողջական խնդիրների կապակցությամբ զբաղեցրած պաշտոնից հրաժարականի դիմումը: Նիստին ներկա չէին ո՛չ Թալիբովը, ո՛չ որևէ նախարար: Հրաժարականի հաստատման քվեարկությունը հայտարարելուց անմիջապես հետո առաջինը քվեարկեց Թալիբովի որդին՝ Սեյմուրը: Տեսագրության մեջ երևում է, որ ձախ ձեռքը կիսով չափ վեր բարձրացնելուց և արագ իջեցնելուց հետո Նախիջևանի երբեմնի ամենազոր խանի կրտսեր որդին արտասվում է: Ադրբեջանի Միգրացիոն ծառայության գլխավոր վարչության պետի պաշտոնը զբաղեցնող Ռզա Թալիբովը՝ ավագ որդին, պատասխանելով լրագրողների հարցերին՝ հայտարարել է, թե չի ցանկանում խոսել հոր հրաժարականի ու հոր հետ կապված գործերի մասին: Թալիբովի շուրջ օղակը սեղմվում էր արդեն տևական ժամանակ: Բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների, Վասիֆ Թալիբովի մերձավոր ազգականների հետ կապված աղմկահարույց կոռուպցիոն սկանդալներ, ձերբակալություններ… Այս ամենի համատեքստում բազմաթիվ էին տեղեկությունները Նախիջևանի խանին պատկանող թանկարժեք անշարժ գույքի վաճառքի մասին, այդ թվում՝ Բաթումիում նրանց պատկանող Դիվան Սյուիթս Բաթումի 5-աստղանի հյուրանոցը՝ կառուցված 2014 թվականին: Վաճառքի գինը՝ ընդամենը 56 միլիոն դոլար, ինքնին վկայում է, որ գործարքը արվում է հապճեպ և շուկայականից բազմակի էժան, ինչը դիտարկելի է Ռզա Թալիբովին պատկանող Գամիգայա հոլդինգին պատկանող այլ գույքի և բիզնեսների հետ կապված: Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերի վերջին Ադրբեջանի ազգային անվտանգության ծառայությունը Թուրքիայի գործընկերների օժանդակությամբ ձերբակալել էր Նախիջևանի մաքսային ծառայության ղեկավարին և նրա տեղակալին՝ մեղադրելով Թալիբովյան կլանին պատկանող Գամիգայա և Ջահան հոլդինգների հետ մաքսանենգ գործարքների մեջ: Թեման չափազանց ընդգրկուն է, բայց մեզ համար առանձնահատուկ կարևորություն ունեն և ուշադրության են արժանի Արցախին, Լաչինի միջանցքին և այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին առնչվող հանգամանքները Իրանի ներգրավածության համատեքստում, որն առավել քան ակնհայտ է: Այս համատեքստում կարևոր եմ համարում ընդգծել, որ տեղեկատվական դաշտում դիտարկելի է յուրատեսակ օպերացիա՝ Վասիֆ Թալիբովի հասցեին պետական դավաճանության մեղադրանքի մասին բարձրաձայնումով: Ինչի՞ մասին է խոսքը, ի՞նչ կապ ունի Իրանը, ի՞նչ կապ ունի այս ամենը մեզ հետ, ինչպիսի՞ զարգացումներ են հնարավոր, որքա՞ն իրական է Սյունիքի հատվածում և Արցախում ռազմական էսկալացիայի հավանականությունը կներկայացնեմ հաջորդիվ գրառմամբ: Բոլոր պարագաներում ակնհայտ է մեկ բան՝ Նախիջևանում և նրա շուրջ կատարվող իրադարձությունների մասին տեղեկատվական բոլոր հոսքերը այսուհետ մեր մշտադիտարկման և տեղեկատվական աշխատանքի կարևորագույն ուղղություններից մեկն են, քանի որ հանդիսանում են Հայաստանին, մասնավորապես, Սյունիքին և Արցախին սպառնացող անվտանգային սպառնալիքների վրա անմիջական և էական ազդեցությամբ կարևորագույն բաղադրիչներից:

Վարդան Բալյանի ֆեյսբուքյան էջից