Համաձայնեցվում է ԼՂ հանքավայրեր ադրբեջանցի բնապահպանների այցելության կարգը. ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ

Ռուսաստանն ակնկալում է, որ Լաչինի միջանցքի երկայնքով տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը, որը կապում է Հայաստանը և Արցախը, տեղի կունենա շատ մոտ ապագայում։ ՏԱՍՍի հաղորդմամբ, այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցչի տեղակալ Աննա Եվստիգնեևան։

«Ակնկալում  ենք մոտ ապագայում լիարժեք տրանսպորտային կապերի վերականգնում։ Ռուսական կողմը պաշտպանության նախարարության, ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության, ինչպես նաև արտաքին գործերի նախարարության միջոցով վերջին մի քանի օրվա ընթացքում գործադրում է բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ Լաչինի միջանցքում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար։ Կանոնավոր շփումներ են կազմակերպվել հայ և ադրբեջանցի  գործընկերների հետ»,- ասել է նա։

Աննա Եվստիգնեևան նշել է, որ այս աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել հասնել Արցախում գազամատակարարման վերականգնման և «միջանցքի երկայնքով երթևեկության մասնակի ապաշրջափակմանը»։

«Համաձայնեցվում է Լեռնային Ղարաբաղի հանքավայրեր ադրբեջանցի բնապահպանների այցելության կարգը»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ, քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ, որոնք ներկայացել են իբր բնապահպաններ, դեկտեմբերի 12-ի առավոտյան փակել են ՍտեփանակերտԳորիս ավտոճանապարհը։ Նրանք տարածքում՝ հենց ԳորիսՍտեփանակերտ ճանապարհին, վրաններ են տեղադրել։