Պուտինն ու Լուկաշենկոն քննարկել են միասնական պաշտպանական տարածքի ստեղծման հարցը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկել է միասնական պաշտպանական տարածքի ստեղծման հարցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Իհարկե, այսօրվա բանակցությունների ընթացքում մենք հանգամանորեն քննարկեցինք միասնական պաշտպանական տարածքի ձեւավորման, Միութենական պետության անվտանգության ապահովման, ինչպես նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում համագործակցության հարցերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2018 թվականին ՀԱՊԿ-ում նախագահությունը հունվարի 1-ից կանցնի Բելառուսին»,- բանակցություններից հետո ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ Մոսկվան եւ Մինսկը համատեղ կձեռնարկեն բոլոր միջոցները՝ երկրների անվտանգությունը հուսալիորեն ապահովելու համար, առաջնահերթությունը կտրվի զորքերի պատրաստման հարցերին։ «Մենք պայմանավորվեցինք շարունակել համատեղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, հուսալիորեն ապահովել մեր երկու երկրների անվտանգությունը, առաջնահերթությունը տալ զորքերի պատրաստմանը, բարձրացնել մարտերին մասնակցության նրանց պատրաստականությունն ու մարտունակությունը, շարունակել կանոնավոր համատեղ վարժանքները եւ օպերատիվ ու մարտական պատրաստության այլ միջոցառումներ»:

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի եւ Բելառուսի ընդհանուր ռազմական դոկտրինի հետեւողական իրականացման շրջանակներում իրականացվում է համատեղ ռազմական պլանավորում։ «Գործում է ռուս-բելառուսական զորքերի տարածաշրջանային խմբավորում։ Ներկայումս Բելառուսի տարածքում աշխատանքներ են տարվում մեր երկրի կազմավորումների եւ զորամասերի մարտական համակարգման համար»,- ասել է Պուտինը։

Նրա խոսքով՝ ստեղծվել է ՀՕՊ միասնական համակարգ, որը մարտական հերթապահություն է իրականացնում։

Նա նաեւ հայտնել է, որ Ռուսաստանի Դաշնությունն ու Բելառուսը պայմանավորվել են նոր զինտեխնիկա մշակել։