Իմ տեղեկություններով՝ բեռնատարներով փոխադրումները ռուս խաղաղապահների կարիքների համար են, ոչ թե Արցախի ժողովրդի․Արտակ Բեգլարյան

Իմ տեղեկություններով՝ բեռնատարներով այդ փոխադրումները ոչ թե հումանիտար օգնություն էին Արցախի ժողովրդի համար, այլ ռուս խաղաղապահների կարիքների համար էին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը, ով արդեն մի քանի օր է անժամկետ նստացույց է հայտարարել ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց:

«Խնդրում եմ այս տեղեկատվությունը լրացուցիչ ճշտեք Արցախի կառավարությունից եւ ռուս խաղաղապահներից, բայց այն, որ ադրբեջանական կողմը փորձում է այնպես ներկայացնել, որ Արցախի ժողովուրդը հումանիտար կարիքներ չունի, մատակարարումը պատշաճորեն իրականացվում է, այդ թվում խաղաղապահների միջոցով, բացարձակ սուտ է: Այնտեղ հումանիտար աղետ է: Այո, այդ աղետը օրեցօր խորանում է, և միտումը շատ բացասական է»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ադրբեջանցի «բնապահպանները» դեկտեմբերի 12-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս միջպետական ճանապարհի Շուշի- Քարին Տակ հատվածը: Նրանց «բնապահպանական» պահանջները փոխվել են, և այժմ էլ պահանջում են Լաչինի միջանցքում ադրբեջանական մաքսակետի տեղադրում: