LIVEnews.am-ը ցավակցում է Գալուստ Սահակյանի հարազատներին

Դեկտեմբերի 18-ին կյանքից հեռացել է ՀՀ պետական և քաղաքական գործիչ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը։ Նա տառապում էր ծանր հիվանդությունից։ Նա Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ էր, 2014-2017 թվականներին եղել է ՀՀ ԱԺ նախագահը։

LIVEnews.am-ի խմբագրակազմը իր խորին ցավակցություններն է հայտնում Գալուստ Սահակյանի ընտանիքին, հարազատներին, կուսակիցներին։

Գալուստ Սահակյանի կենսագրությունը

Ծնվել է 1948թ. ապրիլի 8-ին Երևանում:

1971թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը: Բանասեր:

1970-1972թթ. աշխատել է Երևանի մետաքսի կոմբինատում՝ որպես փականագործ: 1972-1991թթ. դասավանդել է Երևանի թիվ 30 դպրոցում, եղել է թիվ 94 և թիվ 153 դպրոցներում տնօրենի տեղակալ, թիվ 3 և թիվ 185 դպրոցներում՝ տնօրեն: 1991-1996թթ.՝ Երևանի Մաշտոցի շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ, առաջին տեղակալ:

1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 32 ընտրատարածք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության, ապա՝ «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ: ՀՀԿ անդամ:

1999-2003թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Միասնություն» դաշինք): ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ: «Միասնություն» խմբակցության անդամ, ապա՝ ղեկավար:

2003-2007թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: ՀՀԿ խմբակցության ղեկավար:

2007-2012թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ՀՀԿ): ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ(19.06.2007-17.11.2008թթ.): ՀՀԿ խմբակցության ղեկավար: ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի անդամ:

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: ՀՀԿ խմբակցության ղեկավար: ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի անդամ:

2014-2017թթ. ՀՀ ԱԺ նախագահ:

Պարգևատրվել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալով (2004թ.), «Վազգեն Սարգսյան» մեդալով (2005թ.), ՀՀ վարչապետի հուշամեդալով (2006թ. ), Պ. Յավորովի անվան թիվ 131 դպրոցի «Կրթօջախի պատվավոր անդամ» հուշամեդալով (2007թ.), «Մեսրոպ Մաշտոց» մեդալով (2008թ.), «Լեռնահայաստանի արծիվ» ոսկե հուշամեդալով (2008թ.), «Խաչատուր Աբովյան» մեդալով (2008թ.), «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե հուշամեդալով (2010թ.), «Մխիթար Գոշ» մեդալով (2011թ.):