Արցախի օպերատիվ շտաբում ընդլայնված խորհրդակցություն է անցկացվել

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանն այսօր՝ դեկտեմբերի 17–ին, օպերատիվ շտաբի անդամների մասնակցությամբ հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն:

Ինչպես տեղեկացնում է Արցախի պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը, Ռուբեն Վարդանյանը նշել է, որ չնայած գազամատակարարման վերականգնմանը, Հայաստանը Արցախին կապող միակ ճանապարհը Ադրբեջանը շարունակում է փակ պահել:

«Սա նշանակում է, որ մենք շարունակում ենք գտնվել շրջափակման մեջ ու պետք է սովորենք այս իրավիճակում առանց խուճապի ապրել։ Դրա համար, չեմ դադարում ասել, մենք պետք է լինենք առավելագույնս կազմակերպված ու կարգապահ։ Այս առիթը պետք է օգտագործել հանրային համերաշխության, իրար սատար կանգնելու համար: Սա նաեւ լավ հնարավորություն է, որպեսզի զգանք թե ինչ հնարավորություն ունենք համակարգային մոտեցումների ներդրման շնորհիվ բացթողումները շտկելու համար»,-ընդգծել է Ռուբեն Վարդանյանը

Պետնախարը նշել է, որ անհրաժեշտ է առավելագույնս կազմակերպված գործել եւ հրատապ արձագանքել բնակչության առաջնահերթ կարիքներին:

Քննարկվել է պարենային ապրանքների եւ դեղորայքի շուկաներում ներկա իրավիճակը։ Պետնախարարը հանձնարարել է իրավասու մարմիններին շարունակել շուկայի դիտարկումները եւ արձագանքել անհիմն գնաճի դրսեւորումներին։

Ներկայացվել է նաեւ հանրապետությունում դրամաշրջանառության եւ մասնավորապես, կանխիկ գումարի ծավալի հետ կապված իրավիճակը։ Այս համատեքստում կարեւորվել է անկանխիկ գործարքների ակտիվացման անհրաժեշտությունը։ Պետնախարարը պատասխանատուներին հանձնարարել է հանգամանալից ուսումնասիրել խնդիրը եւ լուծումներ առաջարկել։

Անդրադարձ է եղել նաեւ շրջափակման հետեւանքով վերադառնալ չկարողացող աշխատակիցների բացակայության խնդրին։ Նշվել է, որ համապատասխան կարգավորումներ պետք է կատարվեն` իրավիճակով պայմանավորված բացակայությունները հարգելի համարելու համար։

Խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաեւ էլեկտրաէներգիայի մատակարարման ընթացիկ վիճակը եւ համակարգի բնականոն գործունեությանն ուղղված գործողությունները։ Խորհրդակցության մյուս մասնակիցները եւս զեկուցել են իրենց պատասխանատվության ոլորտներում տիրող ընթացիկ իրավիճակի մասին։