Արարատ Միրզոյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի տեղակալի հետ հանդիպմանը ներկայացրել է Լաչինում ստեղծված վիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ և նրան ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ ընդգծելով հումանիտար ճգնաժամի վտանգը: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Շեշտվել է միջազգային կառույցների, մասնավորապես՝ ՄԱԿ համապատասխան մարմինների կողմից համարժեք և հասցեական արձագանքի, ինչպես նաև գործուն քայլերի իրականացման կարևորությունը հնարավոր մարդասիրական աղետը բացառելու նպատակով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Հանդիպման ընթացքում Միրզոյանն անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման վերջին զարգացումներին:

Նախարարը նշել է, որ Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ագրեսիաները, ՀՀ ինքնիշխան տարածքների շարունակվող օկուպացիան և ռազմատենչ ու հայատյաց հայտարարությունները տարածաշրջանում ստեղծում են անկայուն իրավիճակ՝ լի անվտանգային և հումանիտար մարտահրավերներով։

Միրզոյանը շեշտել է նաև հայ ռազմագերիների հայրենադարձման անհրաժեշտությունը և Ադրբեջանի կողմից հարցի քաղաքական շահարկման անընդունելիությունը։