«Դադարեցնել իմպոտենտությունը», «Բացել կյանքի ճանապարհը»․ ակցիա ԵՄ գրասենյակի դիմաց

Մենք միջազգային հանրության բոլոր դերակատարներից, տվյալ դեպքում ԵՄ-ից եւս պահանջում ենք ոչ միայն հայտարարություններ, այլ նաեւ գործնական քայլեր ալիեւյան ռեժիմի սանձերը քաշելու համար: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Հայաստանում ԵՄ գրասենյակի մոտ բողոքի ակցիայի ժամանակ նշեց Արցախի պետնախարարի խորհրդական, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը:

Արտակ Բեգլարյանը հիշեցրեց՝ Արցախում 120 հազար մարդ պատանդառված է Ադրբեջանի կողմից։

Նա կոչ արեց բոլորին անել հնարավոր ամեն ինչ՝ արցախցիների իրավունքների պաշտպանության, տեղեկատվության տարածման, Լաչինի միջանցքի բացման ուղղությամբ։

«Շնորհակալ ենք, որ գործուն քայլեր եք կատարում, զրկանքներ եք կրում, ինչպես Արցախի մեր հայրենակիցները։ Մենք միջազգային բոլոր դերակատարներից՝ տվյալ դեպքում Եվրամիությունից ևս պահանջում ենք ոչ միայն հայտարարություններ, այլև գործնական քայլեր ալիևյան ռեժիմի սանձերը քաշելու համար։  Այս նորանոր հանցագործությունները շարունակությունն են հայատյաց քաղաքականության։ Ալիևի ռեժիմի անպատժելիությունը հետևանք է ԵՄ-ի և ողջ միջազգային հանրության իմպոտենտության, լռության, անգործության։ Այդ պատճառով այս հանցագործությունները ընկած են  միջազգային բոլոր դերակատարների խղճի վրա»,-ասաց նա։
ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց ակցիա անողները վանկարկեցին՝ «Ոչ Ցեղասպանությանը», «Բացել կյանքի ճանապարհը», «Վերջ տալ անպատժելիությանը», «Դադարեցնել իմպոտենտությունը», «Չվաճառել արժեքները նավթի ու գազի դիմաց»։

Ակցիայի մասնակիցները թղթե ինքնաթիռներ նետեցին ԵՄ պատվիրակության գրասենյսկի ուղղությամբ՝ պահանջելով բացել օդային ճանապարհ դեպի Արցախ։