Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը․ Freedom House

Ադրբեջանը պետք է դադարեցնի Լաչինի միջանցքի արգելափակումը, որը Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհն է, հայտարարել է Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը՝ կոչ անելով միջազգային հանրությանը վերահաստատել իր աջակցությունն առանց հարկադրանքի բանակցություններին:

«Մեզ անհանգստացնում են տեղեկություններն այն մասին, որ Ադրբեջանը կրկին դադարեցրել է գազամատակարարումը Լեռնային Ղարաբաղ: Freedom House-ը կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել գազի անխափան մատակարարումը տարածաշրջանի բնակիչներին։ Ի վերջո, մենք հորդորում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրներին և 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին անհրաժեշտ քայլեր ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը՝ ներառյալ տեղաշարժի ազատությունը, ապահովելու համար», – ասված է հայտարարությունում։

Նշենք, որ Դեկտեմբերի 12-ի առավոտից էլ փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։

Իսկ արդեն դեկտեմբերի 13-ին երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը։