Հայոց ցեղասպանությունից մինչև 44-օրյա պատերազմ. Մեծ Բրիտանիայի արյունալի օպերացիաները (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն է։

Վերլուծելով դեկտեմբերի 12-ից Հայաստան-Արցախ միակ ճանապարհը փակելու ադրբեջանական սադրանքը՝ Հայկ Այվազյանն ասաց, որ այդ ամենի հետևում Մեծ Բրիտանիան է կանգնած։ Այն, ինչ եղավ 44-օրյա պատերազմի ընթացքում և ինչ կատարվում է դրանից հետո՝ Արցախի ամբողջական գրավմանն ուղղված բիրտ քայլերը, Արցախն Ադրբեջանի կազմում ընդգրկելու, Արցախի հայաթափելու նկրտումները, Արևմուտքին, մասնավորապես Մեծ Բրիտանիայի՝ այդ տարածքում բիզնես նախագծերն իրականացնելու ծրագիր է։ Կա նաև աշխարհաքաղաքական պատճառ։ Հարավային Կովկասի նկատմամբ Արևմուտքի կողմից այդ դերը տրված է Մեծ Բրիտանիային, որը ձգտում է Թուրքիայի հետ մեծ ազդեցություն ունենալ մեր տարածաշրջանում, թուլացնել Ռուսաստանի դիրքերը և եթե հաջողվի՝ դուրս մղել նրան այս տարածաշրջանից։ Ըստ հաղորդման հյուրի՝ կենսական ճանապարհը երկու նպատակով է փակվել՝ ստեղծել պայմաններ, որ արցախահայությունը ցանկանա դուրս գալ իր բնակավայրից, հեռանալ հայրենիքից։ Մյուս պատճառը ռուս խաղաղապահների միջոցով Ռուսաստանը վարկաբեկելու փորձերն են, և եթե հնարավոր է սադրանք իրականացնել, որպեսզի ռուսները փորձեն ուժ կիրառել, որից հետո Ադրբեջանը կհայտարարի, որ իրենք այլևս խաղաղապահ չեն, միջնորդ կողմ են ու իրենց առաքելության շրջանակները խախտել են։ Ադրբեջանի համար դա հիմք կլինի, որպեսզի հարց առաջ քաշեն ռուս խաղաղապահներին հանելու մասին։

Ինչ վերաբերում է ՀՀ իշխանություններին, ապա փորձագետի կարծիքով՝ մեր իշխանությունները փոխանակ քայլեր ձեռնարկեն նման սադրանքները կանխելու, մեղադրանքի սլաքներն ուղղում են ռուս խաղաղապահների դեմ, ինչպես արևմտյան գրանտներով սնվող լրատվամիջոցները՝ ջուր լցնելով ադրբեջանաանգլիական ջրաղացին։ Իսկ դա արվում է ՆԱՏՕ-ի զորքի մուտքը Հայաստան ապահովելու նպատակով։ Պատահական չէ, որ երեկ ՀՀ ԱԺ ընդունած հայտարարության մեջ հստակ ուղերձ կա միջազգային հանրությանը՝ Արցախում միջազգային մեխանիզմների գործարկման մասին։ Այսօր էլ Փաշինյանը ողջունելով այդ ուղերձը՝ հանձնարարել է մեր ԱԳՆ-ին դիմել բոլոր հնարավոր օղակներին՝ ՄԱԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի համանախագահողներին և անդամ երկրներին իրավիճակի մոնիթորինգի նպատակով փաստահավաք առաքելություն ուղարկել Արցախ։ Թե ինչ հետևանքների կարող է բերել մեր իշխանությունների երկերեսանիությունը, պարզաբանեց հաղորդման հյուրը։

Մանրամասները՝  տեսանյութում