Հայկական ԶԼՄ-ներն Արցախ-Հայաստան ճանապարհի Ադրբեջանի փակած հատվածից լուսաբանելու հնարավորություն չունեն, տեղի է ունենում ադրբեջանական միակողմանի լուսաբանում

Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամ/ “Tatoyan” foundation ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ադրբեջանական լրատվամիջոցները դեպքի վայրից իրականացնում են լիարժեք նկարահանումներ, այդ թվում` ուղիղ հեռարձակման միջոցով: Հայկական ԶԼՄ-ները լուսաբանման որևէ հնարավորություն չունեն, նրանց չի թույլատրվում անգամ մոտենալ դեպքի վայրին:

Ադրբեջանական լրատվամիջոցները տարածում են բացահայտ սադրիչ տեսանյութեր, հրահրում են թշնամանք, տարածում են կեղծ տեղեկություններ:

Հրավիրում ենք միջազգային հանրության ուշադրությունն այս փաստի վրա և վստահ պնդում, որ սա ադրբեջանական իշխանությունների նախապես ծրագրած քայլերից է, որով նպատակ ունեն տեղեկատվական դաշտը լցնել միայն իրենց անհրաժեշտ, միակողմանի ինֆորմացիայով։

Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ադրբեջանական ԶԼՄ-ները հրահանգավորվում են ադրբեջանական իշխանությունների կողմից և հանդիսանում են նրանց անուղղակի խոսափողը։ Իսկ տեղում գտնվող լրատվամիջոցները ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարության կողմից:

Միանշանակ է, որ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը փակելը, գազամատակարարումը դադարեցնելն Արցախը հայաթափելու, 120 000 մարդու մեկուսացման մեջ թողնելու ադրբեջանական հանցավոր քաղաքականության շարունակությունն է։