Վառելիքի սղության պայմաններում ձեռնարկվելիք քայլերի մասին Վարդանյանը հանձնարարականներ է տվել

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր` դեկտեմբերի 14-ին, տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհի փակման, ինչպես նաեւ դեպի Արցախ գազամատակարարումն արգելափակվելու հետեւանքով ստեղծված իրավիճակը:

Ինչպես տեղեկանում է պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, պետնախարարին զեկուցվել է հանրապետությունում վառելիքի ապահովման հետ կապված ընթացիկ վիճակը: Քննարկվել են գազի, դիզելային վառելիքի եւ բենզինի սղության պայմաններում ձեռնարկվելիք քայլերը: Կարեւորվել է առկա ռեսուրսների առավելագույնս խնայողաբար օգտագործումը:

Պետնախարար Ռուբեն Վարդանյանը հանձնարարել է հրատապ կարգով մշակել եւ հստակ սահմանել առաջնահերթ կարեւորություն ունեցող ծառայություններին՝ շտապ օգնությանը, հանրային տրանսպորտին, հատուկ ծառայություններին վառելիքի տրամադրման մեխանիզմներն ու ընթացակարգերը:

Քննարկված մյուս հարցը վերաբերել է գազ սպառող հացի արտադրամասերի, ինչպես նաեւ բնակչության կենսական կարիքների ապահովմանն ուղղված այլ արտադրամասերի գործունեության անխափան աշխատանքի կազմակերպմանը:

Պետնախարարը ոլորտների պատասխանատուներին հանձնարարել է լուծումներ առաջարկել վառելիքի այլընտրանքային միջոցներով դրանց ապահովման վերաբերյալ:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է եղել նաեւ ճանապարհի արգելափակման հետեւանքով Հայաստանում գտնվող արցախցիների կեցության եւ սննդի ապահովման հետ կապված հարցերին, նրանց խնդիրների հետ կապված համապատասխան հանձնարարականներ են տրվել։