Ճանապարհը չբացելու դեպքում մեր գործողությունները լինելու են իրավիճակից բխող․ Արտակ Բեգլարյան

Կաշենի հանքավայրը 20 կմ հեռու է ադրբեջանական ամենամոտ բնակավայրից և որևէ ջրային ռեսուրսների մոտ չի գտնվում։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

«Կաշենի հանքը պահպանում է բոլոր միջազգային ստանդարտները։ Այնպես որ, ադրբեջանցիների պատրվակը հիմնավոր չէ, և կարող են այլ պատրվակներ իրենք օգտագործել իրավիճակից կախված»,- նշեց Բեգլարյանը։

Ըստ Բեգլարյանի՝ Արցախի իշխանությունն ունի տարբեր սցենարներ՝ կախված իրադարձությունների զարգացումից։

«Ունենք մշակված տարբեր սցենար և կախված իրադարձությունների զարգացումից՝ հաշվի առնելով միջազգային հանրության պարտավորությունները աջակցելու և հնարավոր ներուժը, Հայաստանի կողմից լրացուցիչ օգնությունը։ Ճանապարհը չբացելու դեպքում մեր գործողությունները լինելու են իրավիճակից բխող»,- ընդգծեց Արտակ Բեգլարյանը։