Ադրբեջանը էլեկտրասարքավորումներ է ուղարկել Ուկրաինա

Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա էլեկտրասարքավորումների տեսքով։ Այս մասին ասվում է ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության մամուլի հաղորդագրությունան մեջ։

«45 ուժային տրանսֆորմատորներից եւ 50 գեներատորներից բաղկացած ավտոշարասյունը, որը տրամադրվել է «Ազերէներժի» ԲԲԸ-ի կողմից, այսօր մեկնել է Գոբուի էներգետիկ հանգույցի տարածքից՝ մեր երկրում Ուկրաինայի դեսպանի եւ «Ազերէներժի» ԲԲԸ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ։ Նշված բեռի քաշը կազմում է 52,2 տոննա»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Մարդասիրական օգնության երկրորդ խմբաքանակը կուղարկվի առաջիկա օրերին։ Նախարարության տվյալներով՝ բեռի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 1,4 մլն մանաթ (ավելի քան 800 հազար դոլար)։

Ադրբեջանի կողմից Ուկրաինային ուղարկված մարդասիրական օգնության ընդհանուր գումարը մոտենում է 30 միլիոն մանաթին (ավելի քան 17,6 միլիոն դոլար):