Թուրք-ադրբեջանական զորավարժությունները տարածաշրջանային մեծ պատերազմի սկիզբ (տեսանյութ)
Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը։
«Ցանկացած զորավարժություն, որը տեղի է ունենում մեր սահմանի անմիջական հարևանությամբ, բնականաբար մեզ համար որոշակի վտանգ ներկայացնում է՝ անկախ նրանից, թե դա ում դեմ է ուղղված՝ առաջին, և երկրորդ՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը մեզ համար հարևան 4 պետություններից միակն է, որ Հայաստանի հետ ունի բարիդրացիական հարաբերություններ, կարելի է ասել՝ եղբայրական հարաբերություններ, ռազմավարական հարաբերություններ։ Մնացած 3-ը՝ Ադրբեջանը՝ թշնամական, Թուրքիան՝ թշնամական, Վրաստանին էլ կարելի է համարել թշնամական, որը խոչընդոտում է Հայաստան եկող ցանկացած բեռ, որը կարող է ուղղված լինել Հայաստանի պաշտպանությանը, և հակառակը՝ Իսրայելին, Թուրքիային, Ուկրաինային թույլ է տալիս, որ Ադրբեջան ներկրեն ցանկացած բեռ՝ հարձակողական, ոչ հարձակողական։ Նորից եմ կրկնում՝ Հայաստանի Հանրապետությունը և Իրանի Իսլամական Հանրապետությունը միմյանց նկատմամբ այսօր ունեն այնպիսի հարաբերություններ, որ եթե չկա Իրան-Հայաստան այդ ճանապարհը, միակ ճանապարհը, կյանքի ճանապարհը, թե Իրանը, թե Հայաստանը կրելու են բավականին մեծ կորուստներ», – անդրադառնալով Իրանի հետ սահմանի մոտ «Եղբայրական բռունցք» խորագրով թուրք-ադրբեջանական հարձակողական բնույթի լայնածավալ զորավարժություններին՝ ընդգծեց Գառնիկ Իսագուլյանը։ Բանախոսը կարևորեց այն հանգամանքը, որ այդ նույն Ադրբեջանը այսօր շարունակում է զինվել, ավելի ամրանալ, ուժեղանալ, մեր 4 կողմն այժմ զորավարժություններ են, իսկ ի՞նչ են անում Հայաստանում՝ զարդարում են փողոցները։ Սա ողբերգություն է․ պետական ինստիտուտներն միտված են ինչի՞ն, «ինչու ազերները չե՞ն ուզում ուրախանալ, բայց հասկանում են, որ այսօր զորավարժությունների ժամանակն է, որովհետև իրենք խնդիր են տեսնում և ուզում այդ խնդիրը լուծել։ Հիմա մենք էս ուրախությունն անում ենք ինչի՞ համար, որ հայկական հողե՞րն ենք նվիրել ազերիներին, որ գոյություն չունեցող պետականությունը այսօր ավելի հզոր է, քան մենք, որ ասում ենք հազարամյա պատմություն ունենք․․․ ով է ասում՝ մի ուրախացեք, բա էն դիակները, որ դեռ գտնվում են մարտի դաշտում»,- հավելեց քաղաքական գործիչը։
Իսագուլյանը հերթական անգամ հիշեցրեց հասարակությանը, որ երբ ասում են՝ գնում ենք դեպի Արևմուտք, մեզ համար Արևմուտքը բացառապես Թուրքիան է՝ օրինակ բերելով հենց մեր հարևան Վրաստանին։
Անդրադառնալով Լավրովի վերջին բացահայտումներին առ այն, որ հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համաձայնեցրած փաստաթուղթը, որտեղ վերջիններս վերահաստատում են իրենց վճռականությունը՝ լուծելու բոլոր խնդիրները ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ․ դեկտեմբերի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, բանախոսը ցայտուն օրինակով արձագանքեց՝ բացատրելու համար, որ եթե արդեն իսկ ստորագրված է մի թուղթ, որով պատրաստակամ ես տալ, չես կարող պահանջել, որ քեզ փրկի նա, ով ավելի վաղ առաջարկել է փրկություն, ու դու անտեսել ես։
Անդրադառնալով զենք գնելու խնդրին, որ ակտիվ շրջանառվում է իշխանության կողմից, Իսագուլյանը պնդեց՝ նման խնդիր գոյություն չունի, եթե կա ցանկություն զենք ձեռք բերելու, նա պատրաստակամ է անշահախնդիր միջնորդել և անհրաժեշտ զինամթերքը կարելի է ունենալ, մնում է ունենալ նման ցանկություն։
Քաղաքական գործիչն անդրադարձավ նաև ընդդիմության կեցվածքին և կարևորագույն այն խնդրին, որ այսօր չեն երևում բոլոր այն գործիչները, գեներալները, ովքեր, 90-ականներին իբր դեմ գնալով Լևոն Տեր-Պետրոսյանին, Խորհրդային Միությանը, միջազգային պահանջներին, ազատագրում էին Արցախը, իսկ այսօր արդարացնում են իրենց անգործությունը նոյեմբերի 9-ի փաստաթղթով։
Մանրամասները՝ տեսանյութում