Հաշմանդամների մասին այսօրվա որոշումը հակասում է մեր օրենսդրությանը, մարդու իրավունքներին
Լրագրող-հանրային կառավարման մասնագետ Մուշեղ Հովսեփյանը գրում է․ «Կառավարությունը րոպեներ առաջ ընդունեց որոշում, որը պետք է իմանան հաշմանդամություն ունեցող բոլոր մարդիկ, ում հաշմանդամությունն անժամկետ է ու սահմանվել է բժշկասոցիալական փորձաքննությամբ:
Եթե դիմեք սոցիալական ծառայություն կամ աջակցող սարքեր ստանալու համար, դրանք տրամադրելու փոխարեն՝ ձեզ կառաջարկեն նորից անցնել հաշմանդամության սահմանման գործընթացով, եթե չունեք ծառայությունների անհատական ծրագիր: Այս ծրագիրն ունեն միայն ֆունկցիոնալության գնահատում անցած անձինք:
Այդ գործընթացի արդյունքում կարող է փոխվել հաշմանդամության խումբը, հետևաբար նաև այն երաշխիքները, որ ստանում եք (օր.՝ հաշմանդամության նպաստ, կենսաթոշակ և այլն): Այսինքն՝ կառավարությունն ասում է՝ բավարարվում եք ունեցածով կամ ձեզ անհրաժեշտ սարքերի ու ծառայությունների համար ռիսկի գնում:
Պետությունը կասկածի տակ է դնում կայացված հազարավոր վարչական ակտեր և հրաժարվում է նախկինում կայացրած որոշումներից բխող պարտավորություններն իրականացնելուց՝ ստիպելով մարդկանց անցնել նոր գնահատման համակարգով:
Հիշեցնեմ նաև, որ նոր համակարգի վերաբերյալ դատական գործ ունենք, որով պնդում ենք, որ կիրառվող բանաձևը հակասում է օրենսդրությանը:
Մեր առաջարկը՝ չանել այս փոփոխությունը, չէր ընդունվել:
Սա որոշում է, որ հակասում է մեր օրենսդրությանը, մարդու իրավունքներին, «մի վնասիր» սկզբունքին ու պարզ, շատ պարզ տրամաբանությանը»: