Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 28
Սկիզբը` այստեղ
«Արևմուտքը Ռուսաստանի հետ հիբրիդային պատերազմով մեծացնում է համաշխարհային պատերազմի հավանականությունը»,- այսօր «Twitter»-ի իր էջում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Ինչպես երեկ տեղեկացրեց «ՌԻԱ Նովոստի»-ն, ամերիկացի պաշտոնաթող ծովակալ Մայք Մալենը հայտարարել է Ուկրաինայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ բախման վտանգի մասին: PBS-ին տված հարցազրույցում Մալենն ասել է, որ Ուկրաինայում հակամարտությունը կարող է վերաճել Երրորդ համաշխարհային պատերազմի` կողմերից մեկի կողմից միջուկային զենք օգտագործելու դեպքում։ Ուշագրավ է, որ ծովակալը չի ասել` Ռուսաստանի կողմից, այլ` կողմերից մեկի…, այսինքն` չի բացառել, որ միջուկային զենք կարող է կիրառվել նաև Ուկրաինայի կողմից:
Ինչպես նշել ենք մեր նախորդած մի շարք հրապարակումներում, ըստ Ռուսաստանի պաշտպանության նախարարության և, ընդհանրապես, ռազմաքաղաքական ղեկավարության, Ուկրաինան իրականացնում է «կեղտոտ ռումբ» (զանգվածային ոչնչացման զինատեսակ հանդիսացող ռադիոլոգիական զենք) ստեղծելու աշխատանքներ, գտնվում է այդ մարտավարական միջուկային զենքի ստեղծման վերջնափուլում ու մտադիր է այն կիրառել սադրիչ նպատակով: Ուկրաինան և Արևմուտքը ժխտել են Ռուսաստանի այս զգուշացումը և մեղադրել ՌԴ-ին, թե իբր վերջինս է մտադիր Ուկրաինայում այդպիսի զենք կիրառել:
«Սա ուղղակի շատ վտանգավոր ժամանակ է, եթե անկեղծ,- ասել է Մալենը:- Եվ այս հակամարտությանը պետք է վերջ դրվի առանց այդ զենքի կիրառման: Ես շատ եմ վախենում, որ եթե իրականում այդ զենքը հայտնվի, մենք շատ մոտ կլինենք Երրորդ համաշխարհային պատերազմին և պատերազմին Ռուսաստանի հետ»:
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ավստրալիայի Լոուի ինստիտուտում տեսակապի միջոցով ելույթի ժամանակ Հյուսիսատլանտյան դաշինքից պահանջել էր ՌԴ-ին կանխարգելիչ հարված հասցնել, այլ ոչ թե «սպասել Ռուսաստանի միջուկային հարվածներին»։
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վերոնշյալի կապակցությամբ հայտարարել էր, որ Զելենսկին իր հռետորաբանությամբ, ըստ էության, կոչ է արել սկսել համաշխարհային պատերազմ։ Նա խնդրել է ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և ԵՄ երկրներին ուշադրություն դարձնել ուկրաինական պետության ղեկավարի հայտարարություններին և հիշեցրել, որ նման հակամարտության դեպքում հետևանքները կլինեն հրեշավոր և անկանխատեսելի։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նույնպես մատնանշել է զանգվածային ոչնչացման զենքի կիրառման աճող ռիսկերը Կիևի ռեժիմի անխոհեմ գործողությունների և հայտարարությունների պատճառով։
Օրերս ՏԱՍՍ-ի հրապարակումից հայտնի դարձավ Միացյալ Նահանգներում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ավստրալիայի «Կոնվերգենցիա նախագիծ» («Project Convergence») կոչված համատեղ զորավարժությունների մեկնարկի մասին, որոնք նմանակում են Եվրոպայում ռուսական զորքերի դեմ ռազմական գործողությունները: Ինչպես անցած ուրբաթ հայտնել է բրիտանական «The Times» թերթը, Եվրոպայում ՌԴ զինվորականների հետ մարտերը նմանակող միջազգային երկշաբաթյա զորավարժությունները մեկնարկել են ԱՄՆ-ի Մոհավե անապատում։
Ըստ հրապարակման, մոտ 450 բրիտանացի զինվորականներ, այդ թվում՝ էլիտար «Ռեյնջեր» ստորաբաժանումից, մեկնել են Կալիֆոռնիա՝ մասնակցելու «Ֆորտ Իրվին» ռազմաբազայում անցկացվող վարժանքներին՝ մարտական գործողություններ վարելու համար անապատի «բաց լանդշաֆտում», որը հիշեցնում է ուկրաինական տափաստանները. Նրանց հետ միասին զորավարժություններին մասնակցում են զինվորականներ ԱՄՆ-ից և Ավստրալիայից։
Եվրոպայում ռուսական զորքերի առկայության պայմաններում մարտական գործողություններ նմանակող զորավարժությունների շրջանակներում, ըստ թերթի, մշակվում է «հետախուզական անօդաչու թռչող սարքերի կուտակումների», անապատային պայմաններում տեղափոխվելու համար հատուկ հարմարեցված ինքնավար «Багги M-Raza» զրահամեքենաների, ինչպես նաև համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ընտանիքի կառավարվող հրթիռների արձակման բրիտանական համակարգերի կիրառում, որոնք կարող են թիրախներին հարվածել նաև ամերիկյան F-35 կործանիչ-ռմբակոծիչներից ստացված ուղղորդումներով:
Զորավարժությունների սցենարը մոդելավորում է և՛ «ցամաքային մարտ Եվրոպայում», և՛ «հակամարտություն Խաղաղ օվկիանոսի կղզում»: Ըստ թերթի, 2023թ. նմանատիպ միջոցառումներ կանցկացվեն Եվրոպայում։ Գերմանիան կամ Լեհաստանը կարող են անցկացնել «Warfighter» կոչվող զորավարժությունները, որոնք կարտացոլեն ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ուշադրության կենտրոնացումը դեպի մարտական գործողությունների եվրոպական թատերաբեմ:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան