Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 27

Սկիզբը` այստեղ

 

ԱՄՆ-ը հայտարարել է Եվրոպա ավելի քան 84 հազար տոննա ռազմական տեխնիկա մատակարարելու մասին, և ոչ միայն…

Միացյալ Նահանգները հոկտեմբերի վերջի դրությամբ Եվրոպական մայրցամաք (այդ թվում՝ Ուկրաինա) է տեղափոխել ավելի քան 16 000 զինվորական, ավելի քան 63 000 հակատանկային համակարգ, գրեթե 1 միլիոն հրետանային արկ, հրազենի համար ավելի քան 68,2 մլն փամփուշտ, 202 հրետանային համակարգ, ավելի քան 1400 հակաօդային պաշտպանության համակարգ, ինչպես նաև ավելի քան 84,1 հազար տոննա ռազմական տեխնիկա և սարքավորումներ, ներառյալ` 46 ռադար, 15 ուղղաթիռ և 26 պարեկային նավ. այս մասին, Վաշինգտոնից «ՌԻԱ Նովոստի»-ի տեղեկացմամբ, օրերս հայտնել է Միացյալ Նահանգների տրանսպորտային հրամանատարությունը (Transcom):

«Transcom»-ը սկսել է ռազմական մատակարարումներն Ուկրաինա հունվարի 21-ից և շարունակում է մատակարարել»,- նշված է հրամանատարության հայտարարության մեջ:

Ուշադրություն դարձրեք ամսաթվին, այսինքն` Ուկրաինայում և Դոնբասի հանրապետություններում Ռուսաստանի` փետրվարի 24-ից սկսած հատուկ ռազմական գործողությունից ավելի քան մեկ ամիս առաջ

ԱՄՆ տրանսպորտային հրամանատարությունը նշել է նաև, որ փետրվարի 3-ից սկսվել է ԱՄՆ-ում տեղակայված զինված ուժերի փոխադրումը Եվրոպա։

Հրապարակված տեղեկությունների համաձայն, հրամանատարությունը Եվրոպական մայրցամաք, այդ թվում՝ Ուկրաինա, զենք, ռազմական տեխնիկա և ռազմական անձնակազմ հասցնելու համար հոկտեմբերի 30-ի դրությամբ իրականացրել է 845 ավիաչվերթ, ինչպես նաև փոխադրումներ 47 նավերի, 114 գնացքների և ավելի քան 3400 բեռնատարների ներգրավմամբ։

Հասկանալի է, որ ԱՄՆ-ից Եվրոպա փոխադրված զենք- զինամթերքի, ռազմական տեխնիկայի ու սարքավորումների գերակշիռ մասն Ուկրաինա տեղափոխվածն է: Ինչ վերաբերվում է ամերիկյան 16 000 զինվորականներին, ապա կարելի է ենթադրել, որ նրանք կամ նրանց թեկուզ մի մասը նույնպես Ուկրաինայում և ՌԴ-ին միացված հանրապետությունների ու մարզերի տարածքներում է, այնտեղ է հայտնվել կամավորների ու վարձկանների անվան տակ և օտարերկրյա իրական վարձկանների ու կամավորների, ինչպես նաև ուկրաինացի զինծառայողների կողքին հենց այս պահին կռվում է Ռուսական բանակի դեմ:

Հիմա հասկանալի՞ է, թե ՌԴ զինված ուժերն ինչու հարկադրված եղան դուրս գալ Խերսոնից (իհարկե, դրա այլ պատճառներ ու հիմնավորումներ էլ կան, օրինակ, այս մեկը` https://ria.ru/20221110/spetsoperatsiya-1830484882.html ), դրանից առաջ հակառակորդին զիջել ավելի վաղ գրաված մի քանի բնակավայրեր: Ռուսաստանը միայն Ուկրաինայի դեմ չի կռվում, այլ նաև ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, Միացյալ Նահանգների գլխավորած ողջ հավաքական Արևմուտքի:

Մոսկվան ավելի վաղ նոտա էր հղել ՆԱՏՕ-ի երկրներին՝ Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, ՌԴ ռազմաքաղաքական ղեկավարության այլ ներկայացուցիչներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ բազմիցս նշել են, որ ցանկացած բեռ, որը զենք է պարունակում Ուկրաինայի համար, ցանկացած տրանսպորտային միջոց, որ զենք է տեղափոխում այնտեղ, օրինական թիրախ կդառնա Ռուսաստանի զինված ուժերի համար։ Բացի նշվածից, ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»` զենք մատակարարելով Ուկրաինային։

Չնայած ռուսական կողմի նշված հայտարարություններին, ՌԴ զինված ուժերն առ այսօր չեն համարձակվել Ուկրաինա զենք- զինամթերք, ռազմական տեխնիկա տեղափոխող ՆԱՏՕ-ի երկրների որևէ տրանսպորտային միջոց ոչնչացնել` նկատի ունենալով, որ դա ՆԱՏՕ-ի կողմից կարող է դիտարկվել որպես ՌԴ-ի կողմից հարձակում իր անդամ երկրի վրա, և դաշինքի պայմանագրի 5-րդ հոդվածի համաձայն, հանգեցնել ՌԴ-ի դեմ ՆԱՏՕ-ի ընդհանուր ռազմական պատասխանին, ինչն արդեն նշանակում է Երրորդ համաշխարհային ու միջուկային պատերազմի սկիզբը դնել:

Վստահ, որ վերոնշյալը նկատի ունենալով, Ռուսաստանը խոսքից գործի չի անցնի, անտեսելով նրա զգուշացումները, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի անդամ այլ պետություններ Ուկրաինա ուղարկել ու շարունակում են ուղարկել ահռելի քանակության զենք- զինամթերք, ռազմական տեխնիկա: Ու սրա վերջը չի երևում… «Ուկրաինական հակամարտություն» կոչվածը վաղուց, ի թիվս հակամարտության այլ կողմերի, ԱՄՆ-ի ու նրա գլխավորած հավաքական Արևմուտքի կողմից ռեսուրսների պատերազմ է ՌԴ-ի դեմ, պատերազմ, որում առավելությունն Արևմուտքինն է:

Ճիշտ է, Ռուսաստանը հատուկ ռազմական գործողության տարբեր հատվածներում շնորհիվ իր հրթիռային կարողությունների, ավիացիայի, զենքի և ռազմական տեխնիկայի առանձին տեսակների, ինչպես նաև զինվորների ու սպաների հերոսության, այժմ դեռ հիմնականում առավելություն և առաջխաղացում ունի (հուսանք, որ առաջիկայում էլ ունենալու է և ավելին…), սակայն դժվար է կանխատեսել, թե այս վիճակը դեռ որքան ժամանակ հնարավոր կլինի պահպանել: Իսկ ի՞նչ կլինի, եթե Ռուսաստանը մի օր կանգնի Դոնբասի հանրապետությունները ու նույնիսկ Ղրիմը կորցնելու վտանգի առջև: Հնարավոր չէ՞… Հավանաբար, այո, հնարավոր չէ, բայց այս հարցի ստույգ պատասխանը դժվար է տալ: Այնուամենայնիվ, վերոնշյալ հարցի պատասխանը կարելի է ստանալ` ծանոթանալով ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևի` վերջերս արած պարզաբանումներին: Հակիրճ` միջուկային պատերազմ, Երրորդ համաշխարհային…

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան