Լիպարիտյանի գիրքը ապակողմնորոշող քարոզչական աշխատանք է, «խաղաղության դարաշրջանի» գաղափարախոսական հենքը․ Ռուբեն Մելքոնյան
«Մենք ներկայումս ապրում ենք բավական բարդ իրավճակում, Հայաստանի դեմ մարտահրավերները ոչ միայն արտաքին են, այլև ներքին»,-««Խաղաղության դարաշրջանի» գաղափարախոսական սահմանադրությունը. (Ժիրայր Լիպարիտյանի «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» գրքի թուրքագիտական գրախոսություն)» գրքի շնորհանդեսին ասաց հեղինակը՝ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը ։
Նա նշեց, որ այդ ներքին մարտահրավերների մեջ հատկապես կարևոր է այն կեղծ, սուտ տեղեկատվության տարափը, որի թիրախը մեր հասարակությունն է․ «Ի մասնավորի` Թուրքիայի և Ադրբեջանի, դրանից բխող վտանգների, այլափոխված, խեղաթյուրված պատկերի ներկայացումը, որի նպատակները չեն կարող լինել հայաստանանպաստ, այսինքն` մեր հասարակությանը ներկայացնում են Թուրքիայի, Ադրբեջանի հետ ոչ միայն հարաբերություններ կարգավորելու, այլև բարեկամանալու հնարավորություն, որի հավաքական անվանումն է խաղաղության դարաշրջան, որը սակայն որևէ կապ չունի իրականության հետ և ավելին, չկա որևէ նախադրյալ` դրան հասնելու համար»։ Նրա խոսքով, այս սին և դատարկ խաղաղության դարաշրջանի տապալվելու մասին սկսել են խոսել նույնիսկ իշխանությունները` անուղղակի կամ ակնարկներով, սակայն միևնույն ժամանակ պնդելով, թե հավատում են այդ կեղծիքին և գնալու են այդ ճանապարհով, մինչդեռ մասնագետները, ի սկզբանե, պնդում էին, որ խաղաղության մասին խոսելն անիմաստ է:
«Այս կեղծ խաղաղության, հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հավանականությունն ունի նաև տեսական մշակումներ, որոնք էլ, կարծես, դարձել են այս պահի իշխանության քաղաքականության հիմքը։ Այդ տեսական մշակումների մեջ հատկապես կարևորում եմ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին գլխավոր խորհրդական, հատուկ հանձնարարություններով ՀՀ դեսպան, ՀՀ ԱԳՆ նախկին փոխնախարար Ժիրայր Լիպարիտյանի աշխատանքները, որոնք ամփոփ կերպով ներկայացված են նրա «Հայաստան-Թուրքիա. պետականություն, պատմություն, քաղաքականություն» աշխատության մեջ,- ասաց Մելքոնյանը։
Նա նշեց, որ Ժ. Լիպարիտյանը Հայաստանի գոյության առաջին տարիներին որոշակի դերակատարում և պատասխանատու տեղ է ունեցել հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում, նրա գրքում տարբեր տարիներին հրապարակված հոդվածներն են, հարցազրույցները, որոնց երբեմն Լիպարիտյանն ավելացրել է բացատրություններ, վերամշակել է, վերարժևորել է, թարմացրել է, ինչը մի կողմից հետաքրքիր է դարձնում աշխատանքը, մյուս կողմից մտահոգության պատճառ դառնում, որ նման թեզեր կարող են լինել մի մարդու գիտաքաղաքական հավատամքը, ով որոշակի շրջանում ՀՀ շահերի սպասարկմանն է կոչված եղել ։
«Ժիրայի Լիպարիտյանի աշխատությունում լիուլի առկա են ներկայումս այսպես կոչված խաղաղության օրակարգի բազմաթիվ դրույթներ, որոնց տեսական սահմանումներն այսօրվա իշխանությունները փորձում են կիրառել պրակտիկ քաղաքականության մեջ։ Ուստի այս գիրքը, իրոք, կարելի է որակել որպես խաղաղության դարաշրջանի գաղափարական սահմանադրություն։ Փաստեմ նաև, որ գոնե նեղ մասնագետների համար աչքի են զարնում Լիպարիտյանի և նրա «ուսմունքի» հանդեպ Հայաստանի այս պահին իշխող ուժի առնվազն որոշակի հատվածի համակրանքը և լիպարիտյանական թեզերի ուղղակի կամ անուղղակի կիրառման փաստը»,- ասաց թուրքագետը։
Պրոֆեսորի խոսքով, Ժ. Լիպարիտյանի այս աշխատությունը ժանրային առումով մնում է անորոշ. «Այն Թուրքիան գովելու և Հայաստանի ներկայիս իշխանություններին աջակցելու միտված քարոզչական և գաղափարական աշխատա՞նք է, գիտնականի կամ փորձագետի վերլուծությո՞ւն, թե պաշտոնավարման ընթացքում կուտակված բարդույթների և չարության արտահայտման յուրահատուկ հարթակ։ Գրքում այն Թուրքիան, որը ներկայացնում է 2018 թվականից Հայաստանում իշխող ուժի խաղաղության կոնցեպտի գաղափարական կնքահայր կամ պրագմատիզմի առաքյալ Ժիրայր Լիպարիտյանը, իրականում գոյություն չունի։ Այս գիրքը ծայրահեղական, հաճախ անհիմն թեզերի և դրանց ոչ գիտական հիմնավորումները ներկայացնելու փորձ է և գրքի բնույթը կարելի է որակել որպես հայկական հասարակությանը շատ կարևոր ճակատագրական թեմաների շուրջ ապակողմնորոշող քարոզչական աշխատանք, որը միտված է ապահովելու այսպես կոչված «խաղաղության դարաշրջանի» գաղափարախոսական հենքը»։