Եթե 1991-ի սահմանը փոխադարձաբար ճանաչված է, ի՞նչ են անում ձեր զորքերը Ջերմուկի մոտակայքում. Փաշինյանը՝ Ալիևին

Ես Սոչիում հնչեցրել եմ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների առաջարկը՝ ԼՂ շուրջ ստեղծել ապառազմականացված գոտի միջազգային երաշիքներով, որը հետագայում կարծում եմ՝ կդառնա քննարկման նյութ, -News.am-ի փոխանցմամբ՝ հարցազրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես չեմ ուզում հիմա իրենց ռեակցիայի մասին որեւէ բան ասել, հետո պարզվի, որ ես այդ արձագանքը ճիշտ չեմ մեկնաբանում: Ես կարող եմ ասել, որ առաջարկը դրել եմ սեղանին, մնացածն արդեն հետագա քննարկումներում թող երեւա եւ արտահայտվի»,-ասաց նա:

Անդրադառնալով հայկական կողմի առաջարկին, ըստ որի, զորքերը պետք է հետ քաշվեն 1991 թվականին վերահաստատված սահմանից, սահմանի երկու կողմից ստեղծելով 3 կիլոմետրանոց ապառազմականացված գոտի, Փաշինյանն ասաց. «Շատ կարեւոր է արձանագրել մի կարեւոր նրբություն. Եթե Ադրբեջանն ասում է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են 1991-ի սահմանը եւ հետեւություն է անում, որ դրանով Արցախի հարցը փակված է, դրանից առաջ մի հարց պետք է տալ, եթե 1991-ի սահմանը փոխադարձաբար ճանաչված է, ի՞նչ են անում ձեր զորքերը, օրինակ, Վերին Շորժայի, Ջերմուկի մոտակայքում, Սեւ լճի հարավային ափի մոտակայքում եւ այլն: Ձեևր զորքերը պետք է վաղուց դուրս եկած լինեին, կամ առնվազն Պրահայի հանդիպումից անմիջապես հետո:

Մենք արել ենք նույն առաջարկը, որն արել ենք 2021-ին, այս անգամ ավելի մանրամասն, որ եթե ընդունում ենք 1991-ի սահմանագիծը, ուրեմն պետք է փոխադարձաբար մեր զորքերը հետ տանենք այդ սահմանագծից: Այսինքն այդ գծից այն կողմ ՀՀ-ն զորք պետք է չունենա, իսկ գծից այս կողմ Ադրբեջանը պետք է  զորք չունենա: Մենք առաջարկում ենք 3 կմ-անոց դեմիլիտարիզացված գոտի ստեղծել: Դա նշանակում է, որ բանակի ստորաբաժանումները պետք է այդ գոտուց դուրս բերվեն, իսկ այդ մասին պահպանությունը հանձնվի սահմանապահ զորքերին Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից:

Իհարկե, այդտեղ որոշակի տեխնիկական բնույթի առաջարկներ կան, թե ինչպես ստեղծել այդ ապառազմականացված գոտին, որ մարդկանց բնականոն կյանքը չխաթարվի, մյուս կողմից անվտանգության սպառնալիքներ չստեղծվեն»,-ասաց նա: