Թուրքիան նոյեմբերից արգելել է իր օդային տարածքով երկակի գրանցմամբ ռուսական ինքնաթիռների թռիչքները

Թուրքիայի իշխանությունները նոյեմբերից արգելել են երկրի օդային տարածքով երկակի գրանցմամբ ռուսական ինքնաթիռների թռիչքները, տեղեկացրել է ՌԲԿ-ն՝ հղում կատարելով Nordwind ավիաընկերության տնօրենների խորհրդի անդամ Աննա Պոդգորնայային և երկու այլ ռուսական ավիափոխադրողների աղբյուրների։

Թուրքիան շրջանցելու պատճառով, Ըստ Պոդգորնայայի, չվերթների տևողությունy, օրինակ, դեպի Եգիպտոս, ավելացել է 20-30 րոպեով, ինչը, ի դեպ, չի անդրադարձել շրջագայությունների գների վրա։

Տրանսպորտի նախարարությունում ՌԲԿ-ին տեղեկցրել են, որ մտադիր են առաջիկայում Անկարայի հետ քննարկել այս հարցը։ Գերատեսչությունում նշել են, որ Չիկագոյի կոնվենցիայի խախտումները բացառելու համար Բերմուդների իշխանությունները պետք է իրենց ռեեստրից հանեն այն ինքնաթիռները, որոնք գրանցված են և գործարկվում են Ռուսաստանում։ Նախարարության ներկայացուցչի խոսքով՝ Բերմուդների ավիառեգիստրից այդ ինքնաթիռների գրանցումը հանելու ձգձգումը կոնվենցիայի կոպիտ խախտում է։

«Իրավիճակն այսօրվա դրությամբ այնպիսին է, որ ոչ բարեկամական երկրները մեզ մեղադրում են իրենց իսկ ստեղծած «երկակի գրանցման» մեջ և բոլորովին չեն նկատում այն, որ իրենք էլ են խախտում Չիկագոյի կոնվենցիայի հիմնական սկզբունքները»,- ընդգծել է գործակալության զրուցակիցը։

Հունիսին տրանսպորտի նախարարությունը տեղեկացրել էր, որ ռուսական ավիաընկերությունները Բերմուդների ավիաիշխանություններին տեղեկացրել են օդանավերի ապագրանցման անհրաժեշտության մասին։ Գերատեսչությունում նշել են, որ բերմուդյան ավիաիշխանությունների կողմից ռուսական ինքնաթիռների թռիչքային պիտանիության հավաստագրերի միակողմանի զրոյացման հետ կապված՝ Մոսկվան դադարեցրել է Բերմուդների հետ միջկառավարական համաձայնագրի գործողությունը, որի համապատասխան՝ օդանավերի թռիչքային պիտանիության վերահսկման գործառույթներն իրականացնում էին տեղի ավիաիշխանությունները։

Ռուսական ավիաընկերություններն արևմտյան երկրների պատժամիջոցների պատճառով ներկա պահին արտասահմանյան ուղղություններով թռիչքներ են իրականացնում սահմանափակ քանակությամբ։ Մասնավորապես, ԵՄ-ը արգելել է Ռուսաստան քաղաքացիական ինքնաթիռներ և պահեստամասեր մատակարարել, իսկ լիզինգատուներին պարտավորեցրել է խզել պայմանագրերը ռուսական ավիաընկերությունների հետ։ Արգելվել են նաև ինքնաթիռների տեխսպասարկման և ապահովագրման ծառայությունները, իսկ Եվրամիությունը, ԱՄՆ-ը, Կանադան և մի շարք այլ երկրներ փակել են երկինքը ռուսական ինքնաթիռների համար։