Փաշինյանի՝ բոլորին «բավարարելու» քաղաքականության նպատակն ու վտանգները (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը միջազգային հարցերով փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանն է:

Խոսելով նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու և Եվրամիության դիտորդական խմբի կողմից զրո արձագանքի և անգործության մասին՝ բանախոսն արձանագրեց, որ իսկապես ԵՄ դիտորդները մատնված են անգործության, տպավորություն է, թե նրանք մի քանի սահմանային լուսանկար անելուց հետո, իրենց ժամանակը վատնում են երևանյան սրճարաններում, ինչպես հայաստանյան քաղաքական էլիտան, «որովհետև եթե իրենք այսօր գտնվեին սահմանում, ապա պարտավոր էին անմիջապես որպես մոնիտորինգ խմբի ներկայացուցիչ բարձրաձայնել, որ ադրբեջանական կողմը խախտում է անում և կրակոց է արձակում հայկական դիրքերի վրա․․․», – հավելեց Հովհաննիսյանը՝ զուգահեռներ տանելով ՀԱՊԿ-ի գործողությունների և դրան ուղղված արձագանքնրի հետ․ «Որոշ շրջանակներ ՀԱՊԿ-ի մասին էին խոսում, որ ՀԱՊԿ-ն իր պարտականությունները չի կատարում և այլն, ինչի հետ համաձայն եմ ինչ-որ չափով, բայց տեսեք այսօր եվրոպական էլիտայի ինչ-որ խմբերի ներկայացուցիչներ են եկել Հայաստան, բա իրենք ինչո՞ւ իրենց ստանձնած պարտականությունները չեն կատարում»։

Անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի դիրքորոշման վրա ազդելու փորձի մեջ երրորդ երկրներին մեղադրելուն՝ վերլուծաբանը վստահություն հայտնեց, որ այդ մեղադրանքը ուղղված է Իրանի Իսլամական Հանրապետությանը, որն այսօր շատ գրագետ քաղաքականություն է վարում, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի պետական շահերը միանշանակ համընկնում են Իրանի հետ, մենք պետք է խորացնենք հարաբերությունները, ավելի բարձր մակարդակի հասցնենք։

Վերլուծաբանը ընդգրկուն վերլուծության ենթարկեց Հայաստանի կողմից արտաքին քաղաքական վեկտորի բազմակի փոփոխմանը, ընդգծելով, որ այս իշխանությունները ոչ թե փոխել են իրենց արտաքին կողմնորոշումը, այլ արդեն ավելի բացահայտ են գործում՝ հրապարակավ բարձրաձայնում են այդ ամենի մասին․ «Բայց խնդիրը այն չէ, որ իրենք փոխել են իրենց օրիենտացիան, խնդիրը նրանում է, որ այսօր իրենք փորձում են բոլորին այո ասել, ես սա կոչում եմ «այո»-ի քաղաքականություն։ Բավականին վտանգավոր քաղաքականություն է․․․»։

Բանախոսի խոսքով՝ այս իշխանությունները ամենանպաստավորն են թուրք-ադրբեջանական տանդեմի համար, ովքեր հստակորեն ցույց են տալիս, որ շատ ջերմ հարաբերություններ ունեն այս իշխանությունների հետ, պարտավորվում են ապահովել այս իշխանության անվտանգությունը, և սա զուտ խոսքեր չեն, բավական է հիշել 2021-ի փետրվարին ինչպիսի արձագանք հնչեց Թուրքիայի կողմից՝ մեղադրելով մեր գեներալներին ռազմական հեղաշրջման մեջ։

Խոսելով ներքաղաքական գործընթացներից, Արցախում և Հայաստանում տեղի ունեցած հանրահավաքներից՝ Անդրանիկ Հովհաննիսյանը կարևորեց այդ հանրահավաքները, որոնք տեղի են ունեցել հաջակցություն Արցախի, բայց կան որոշակի խնդիրներ, որոնք պետք է փոփոխության ենթարկվեն, որպեսզի ավելի շատ մարդկանց ներգրավվեն և ի վերջո հասնեն նպատակներին։ «Մենք պետք է հստակ նպատակ ունենանք և առաջնային նպատակը պետք է լինի իշխանափոխություն և հանրահավաքներն էլ դրան պետք է ուղղված լինեն»։

Մանրամասները՝ տեսանյութում