Ադրբեջանի ագրեսիայի պատճառով Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում ցորենի ցանքս չի կատարվել․ Վահան Քերոբյան

«Նախատեսվում էր ցորենի ցանքատարածություններն ավելացնել մինչև 75 հազար հեկտար, սակայն Ադրբեջանի ագրեսիայի պատճառով այս տարածքներում անվտանգության նկատառումներով նկատվում են ցորենի մշակման ցածր ակտիվություն»,-ԱԺ-ում 2023 թ. ՀՀ բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պարզաբանելով, որ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում են հիմնականում զերծ մնացել ցանքից, ինչի պատճառով էլ նշված ցուցանիշը չի ապահովվել:

Նա նաև հայտնեց, որ անասնաբուծության ճյուղում էլ կառավարությունը մշակել և իրականացրել է խոշոր ներդրումային ծրագիր, որի համար 2023 թվականին նախատեսում է հատկացնել 3,5 մլրդ դրամ, ինչը հնարավորություն կտա բարձրացնել անասնապահական մթերքների ինքնաբավության մակարդակը:

Հիշատակելով 2022 թվականին իրականացրած անասնապահական ծրագրի հաջողությունները՝ Քերոբյանն ասաց. ««Երեմյան փրոջեկտ» ընկերությունը կարողացավ ապահովել ամբողջական ֆինանսավորում Տաշիր համայնքում խոշոր անասնապահական համալիրի կառուցման համար՝ ներգրավելով մոտավորպես 32 մլն դոլար, որը մասնակիորեն օժանդակված է նաև մեր կողմից ներդրված ծրագրով»:

Նրա խոսքով՝ այդ խոշոր անասնապահական համալիրը միայնակ Հայաստանում միջին կաթնատվության մակարդակը 1%-ով կբարձրացնի: