ԱՄՆ-ը խոչընդոտել է Ուկրաինայում իր և Կիևի կողմից կենսաբանական զենքի նորագույն բաղադրիչների ստեղծման միջազգային պաշտոնական հաստատմանը

Ուկրաինայում կենսաբանական զենքի նորագույն բաղադրիչների ստեղծման ուղղությամբ Վաշինգտոնի և Կիևի հանցավոր գործունեությունը ՌԴ զինվորականների ու մասնագետների կողմից ավելի վաղ մասամբ բացահայտված էր արդեն, մնում էր հիմնականում դրա միջազգային պաշտոնական հաստատումը ու ճանաչումն աշխարհի կողմից:

ՌԴ ԶՈւ Ռադիացիոն քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կիրիլովը դեռ ամիսներ առաջ հայտնել էր, որ Ուկրաինայի տարածքում ձևավորվել է ավելի քան 30 կենսալաբորատորիաների ցանց, որոնք աշխատել են ԱՄՆ ռազմական գերատեսչության` Պենտագոնի հետաքրքրությունների համար: Ավելի պարզ ասած` Ուկրաինայում նշված լաբորատորիաները զբաղվել են ԱՄՆ-ի ռազմակենսաբանական ծրագրերի իրագործմամբ, ներառյալ` առավել մահացու կենսաբանական զենքի նորագույն բաղադրիչների ստեղծմամբ:

Չնայած ռուսական կողմի կատարած վերոնշյալ բացահայտմանն ու դրա մասին հաղորդմանը, որը պետք է տագնապով ընդունվեր աշխարհի բոլոր պետությունների կողմից, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն օրերս չի ընդունել Ուկրաինայում ռազմակենսաբանական գործունեության վերաբերյալ Ռուսաստանի բանաձևը:

Ինչպես ՄԱԿ-ից նոյեմբերի 2-ին հայտնել է «РИА Новости»-ի թղթակիցը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի ընդունել Ուկրաինայում ռազմակենսաբանական գործունեությունը հետաքննող հանձնաժողով ստեղծելու մասին ռուսական բանաձևի նախագիծը: Փաստաթուղթը չի հավաքել 15-ից պահանջվող ինը ձայնը։ Բանաձևին կողմ են քվեարկել Ռուսաստանը և Չինաստանը, իսկ դեմ՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան։ Մնացած երկրները ձեռնպահ են մնացել։

Ռուսաստանի Դաշնության ներկայացրած բանաձևի նախագծի համաձայն, եթե այն ընդունվեր, Անվտանգության խորհուրդը որոշմամբ ստեղծելու էր իր բոլոր անդամներից բաղկացած հանձնաժողով` Ուկրաինայի տարածքում կենսաբանական լաբորատորիաների գործունեության համատեքստում ԱՄՆ-ի և Ուկրաինայի դեմ Կոնվենցիայով նախատեսված պարտավորությունների չկատարման առնչությամբ ՌԴ-ի բողոքում ներկայացված պահանջները հետաքննելու համար:

Ռուսաստանն իր բողոքը ներկայացրել էր «Մանրէաբանական (կենսաբանական) և թունավոր զենքերի մշակման, արտադրության և պահեստավորման արգելքի և դրանց ոչնչացման մասին» միջազգային կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն, ըստ որի, «Կոնվենցիայի ցանկացած մասնակից պետություն, որը գտնում է, որ որևէ այլ մասնակից պետություն գործում է Կոնվենցիայի դրույթներից բխող պարտավորությունների խախտմամբ, կարող է բողոք ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ»:

Բանաձևի նախագիծը նաև կոչ էր անում մինչև 2022թ. նոյեմբերի 30-ն Անվտանգության խորհուրդ ներկայացնել առաջարկություններով զեկույց։ Բացի այդ, նախագծի  համաձայն, անհրաժեշտ էր հիշյալ կոնվենցիայի մասնակից երկրներին տեղեկացնել հետաքննության արդյունքների մասին նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 16-ը Ժնևում կայանալիք Կոնվենցիայի ամփոփիչ համաժողովում։

Ինչու էր անհրաժեշտ վերոնշյալ բանաձևի ընդունումը Ռուսաստանին և ոչ միայն… Չնայած, ըստ Իգոր Կիրիլովի, ԱՄՆ ռազմակենսաբանական ծրագրի շարունակման համար անհրաժեշտ ամեն ինչ Ուկրաինայից հանվել է այնտեղ ՌԴ հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո (հասկանալի է, որպեսզի դրանք չընկնեն ռուսական զինվորականների, մասնագետների ձեռքը), սակայն Ռուսաստանը բավարար հիմքեր ունի եզրակացնելու, առնվազն ենթադրելու, որ Ուկրաինան ինքնուրույն, հնարավոր է, ամերիկյան մասնագետների խորհրդատվական օգնությամբ, շարունակում է ռազմակենսաբանական ծրագրերի իրականացումը, մասնավորապես, առավել վարակիչ ու մահացու նորագույն բաղադրիչներով կենսաբանական զենքերի ստեղծումը:

Ընդգծենք, որ «Բայրաքթար» արտադրող թուրքական ընկերությունն ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունից հարցում էր ստացել, թե արդյոք կարո՞ղ են արտադրել այնպիսի ԱԹՍ-ներ, որոնք կրելով հեղուկների համար նախատեսված որոշակի տարողությամբ բաքեր, կարող են դրանցից անհրաժեշտ հեղուկը երկնքից աերոզոլի նման փոշեցրել: Պատասխանը եղել է դրական:

Կարող է հարց առաջանալ, թե Ռուսաստանը վերոնշյալ բանաձևի ընդունման համար ինչո՞ւ է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, երբ նախապես պետք է իմանար ու հավանաբար գիտեր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամների մեծ մասը ԱՄՆ-ի կամակատարներն են, վախենում են նրանից ու գտնվում են նրա կրնկի տակ, հետևաբար վարվելու են այնպես, ինչպես ԱՄՆ-ը թելադրի, այսինքն` տվյալ պարագայում մերժելու են բանաձևի ընդունումը:

Կարծում ենք, հիշյալ բանաձևի ընդունման կապակցությամբ ՌԴ-ում պատրանքներ չեն ունեցել ու նախապես իմացել են, որ մերժում է լինելու: Այնուհանդերձ, որոշել են դիմել, որպեսզի հրապարակայնորեն բացահայտվի և ողջ աշխարհի համար բացահայտ դառնա, որ այդ հույժ վտանգավոր ռազմակենսաբանական ծրագրերի ետևում Միացյալ Նահանգներն է կանգնած, քանի որ հենց ԱՄՆ-ը և, հատկապես, ՆԱՏՕ-ի անդամ նրա որոշ դաշնակիցներն են շահագրգռված, որ չբացահայտվեն ռազմակենսաբանական ոլորտում Ուկրաինայում իրականացված և, ամենայն հավանականությամբ, այժմ էլ շարունակվող աշխատանքները:

Այսինքն` հենց ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի անդամ նրա դաշնակիցներից որոշներն են հանդես գալիս Ուկրաինայում նշված աշխատանքների նախկինում կազմակերպիչների, այժմ առնվազն  հովանավորների դերում, հետևաբար հնարավոր հետևանքների, օրինակ, ՌԴ-ի դեմ կենսաբանական զենքի կիրառման կամ վարակի չնախատեսված տարածման դեպքում, Կիևի հետ միասին, կրելու են դրանց պատասխանատվությունը…

 

Արթուր Հովհաննիսյան