Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը քննարկել է ԱՊՀ արտաքին սահմաններին տիրող իրավիճակը

Դուշանբեում Սահմանապահ զորքերի հրամանատարների խորհուրդը քննարկել է ԱՊՀ արտաքին սահմաններին տիրող իրավիճակը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Տաջիկստանի սահմանապահ զորքերի գլխավոր վարչության մամուլի ծառայությանը։

«Խորհրդի հետագա աշխատանքի շրջանակում վերլուծվել է ԱՊՀ մասնակից պետությունների  արտաքին սահմաններին տիրող իրավիճակը և դրա զարգացման միտումները, քննարկվել են հյուսիսարևմտյան, արևմտյան և կենտրոնասիական ուղղություններում ԱՊՀ արտաքին սահմանների միջով հակաիրավական գործունեության կանխման հարցով հատուկ սահմանային օպերացիաների անցկացման արդյունքները, ինչպես նաև 2023 թվականին դրանց անցկացման հետ կապված հարցերը»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Նիստի ժամանակ նշվել է, որ ժամանակակից մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդեցությունը պահանջում է բոլոր ոլորտներում ջանքերի կենտրոնացում և ավելացում։

Մասնակիցները քննարկել են նաև 2021-2025 թվականներին արտաքին սահմաններին սահմանային անվտանգության ամրապնդմանն ուղղված ծրագրի իրականացման ընթացքը և անդրսահմանային հանցագործության դեմ պայքարի միջպետական ծրագրի դրույթների իրականացումը, անդրադարձել են նաև ԱՊՀ սահմանային գերատեսչությունների տեղեկատվական համագործակցության կատարելագործմանն առնչվող հարցերը, գիտահետազոտական և կրթական գործունեությունը, կադրերի պատրաստումը։