Նվիրիր գիրք Մաղավուզի «Երազանքի դասասենյակ»-ի համար

«Մեր առաջին դասասենյակը, որը գտնվում է Արցախի Մարտակերտի շրջանի Մաղավուզի միջնակարգ դպրոցում, շուտով կբացի իր դռները աշակերտների առջև,- գրում է  «Երազանք» հիմնադրամը։

– Մինչ այդ խնդրում ենք միանալ մեր արշավին դասասենյակի գրադարանը հետաքրքիր, զարգացնող գրքերով համալրելու համար,  ձեռք բերել նոր, լավ գիրք, որը կնպաստի 5-12-րդ դասարանի աշակերտների աշխարհայացքի ընդլայնմանը, ընդհանուր զարգացվածությանը, ստեղծագործական մտածողության և տարատեսակ հմտությունների զարգացմանը,  գիրքը բերել Crumbs The Bread Factory Մաշտոցի 37, որտեղից այն կուղարկվի Արցախ»,- նշում են հիմնադրամից։

Նշենք, որ «Երազանք» հիմնադրամի «Երազանքի դասասենյակ» ծրագիրը մեկնարկել է չորս ամիս առաջ և արդեն նոյեմբերին Արցախի Մաղավուզ գյուղի դպրոցի սաները կօգտվեն դասասենյակի բազմաթիվ հնարավորություններից, որոնցից կլինի նաև երեխաների ընդհանուր զարգացմանը նպաստող գրքերով համալրված գրադարանը: