Այս երկիմաստության իրողությունը հնարավորություն է ընձեռում Երևանին և Բաքվին՝ ըստ անհրաժեշտության մանևրելու

Տարածաշրջանային հարցերով փորձագետ, արևելագետ Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում կիրառվող առանձին ձևակերպումներում, կարգավորման ուղղությամբ պատասխանատու պաշտոնյաների հանդիպումների ամփոփիչ հայտարարություններում ամենաառարկայական սահմանումները վերաբերում են ոչ թե առկա խնդիրների վերաբերյալ երկկողմ պայմանավորվածությունների ձեռքբերմանը, այլ բանակցային միջնորդական ձևաչափերի միջև պարիտետի պահպանմանը։

Ամենավերջին օրինակը նոյեմբերի 3-ին Բրյուսելում տեղի ունեցած Մհեր Գրիգորյան-Շահին Մուստաֆաև ձևաչափի հանդիպման ամփոփիչ հայտարարությունն է. «Հանձնաժողովների համատեղ գործունեության իրավական շրջանակների ձևավորման նպատակով՝ կողմերը պայմանավորվել են արագացնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության ու Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության կարգի համաձայնեցման աշխատանքները»։

Միևնույն հանձնաժողովը տարբեր անվանումներ ունի՝ ըստ բրյուսելյան և մոսկովյան հարթակների։ Նաև այս երկիմաստության իրողությունն է հնարավորություն ընձեռում Երևանին և Բաքվին՝ ըստ անհրաժեշտության մանևրելու, հետևաբար նաև վերջնական պայմանավորվածություններից խուսափելու հարցում։

#Տարածաշրջան, #Հայաստան, #Ադրբեջան»։