Ռուսաստանը Բրիտանիային ապացույցներ է հանձնել Սևծովյան նավատորմի վրա հարձակմանը Լոնդոնի մասնակցության մասին

Ռուսաստանը Մեծ Բրիտանիային է փոխանցել Սևծովյան նավատորմի նավերի վրա հարձակումներին բրիտանական հատուկ նշանակության ջոկատների մասնակցության ապացույցները, հայտարարել է Միացյալ Թագավորությունում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կելինը։

«Սևաստոպոլում նավատորմի դեմ գործողությունների նախապատրաստմանը բրիտանական հատուկ նշանակության ուժերի ներգրավվածության ապացույցներն այսօր առավոտյան փոխանցվել են Մեծ Բրիտանիայի դեսպանին և ռազմական կցորդին»,- ասել է նա Sky News-ին տված հարցազրույցում։

Լրագրողների խնդրանքին՝ մանրամասներ հայտնել Մոսկվային հասանելի դարձած նյութերի մասին, դիվանագետը պատասխանել է, որ շուտով կհրապարակվեն։

Նա նշել է, որ ապացույցները վկայում են այն մասին, որ Մեծ Բրիտանիան չափազանց խորն է ներգրավված այս հակամարտության մեջ։

Անցած շաբաթ Կիևը Սևաստոպոլի ծոցում հարձակվել էր Սևծովյան նավատորմի նավերի վրա, որոնք ապահովում էին Ուկրաինայից գյուղատնտեսական արտադրանքի արտահանման հումանիտար միջանցքը։