«Հայաստան» հիմնադրամի կանոնադրության գործող և նոր տարբերակներում արցախահայությունը նշված է որպես շահառու. հայտարարություն

«Հայաստան» համահայկական հիմնադրամը պատասխանել է մի շարք լրատվամիջոցների տարածած ««Հայաստան» հիմնադրամի կանոնադրությունից փորձել են հանել Արցախի Հանրապետությունը» վերտառությամբ տեսանյութի և դրա վերաբերյալ մեկնաբանությունների՝ նշելով, որ հիմնադրամի կանոնադրության նոր նախագծում, ինչպես նաև գործող կանոնադրությունում արցախահայությունը նշված է որպես շահառու, իսկ Արցախը շարունակում է ներկայացված լինել հոգաբարձուների խորհրդում:Այս մասին տեղեկացնում է «Հայաստան» համահայկական հիմնադրամը։

«Հայտնում  ենք,  որ  կանոնադրության  նոր  նախագիծը  մշակվել  է՝  այն «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխություններին համապատասխանեցնելու նպատակով։ Կանոնադրության նոր նախագիծը դեռևս քննարկման փուլում գտնվող աշխատանքային փաստաթուղթ է, որի վերաբերյալ ստացված բոլոր առաջարկությունները, այդ թվում նաև պարոն Արտակ Բեգլարյանից ստացվածները, կներկայացվեն Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի մի շարք անդամներից բաղկացած աշխատանքային խմբի քննարկմանը։ Աշխատանքային խմբի կողմից բոլոր առաջարկներն ամփոփելուց հետո կանոնադրության նոր նախագիծը կներկայացվի Հոգաբարձուների խորհրդի քննարկմանը և հաստատմանը։

Ուստի կոչ ենք անում զերծ մնալ Հիմնադրամի շուրջ վերստին անհարկի աղմուկ տարածելուց և շինծու մեկնաբանություններից։ Միևնույն ժամանակ հորդորում ենք մանրամասն ծանոթանալ Հիմնադրամի գործող կանոնադրությանը»,- ասվում է հայտարարության մեջ։