Հայաստանը և Ռուսաստանը կհամագործակցեն տեղեկատվական անվտանգության ոլորտում

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 3-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի վավերացմանը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Համաձայնագիրը կնպաստի Ռուսաստանի հետ ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ և բազմակողմ այլ ձևաչափերում համագործակցության խորացմանը:

Համաձայնագրի նպատակը Հայաստանի և Ռուսաստանի իրավասու մարմինների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության խթանումն է:

Համաձայնագրի շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի իրավասու մարմինները տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցություն են իրականացնում հետևյալ հիմնական ուղղություններով.

– տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառի սպառնալիքներին հակազդման համակարգում,

– իրավապահ ոլորտում տեղեկատվության փոխանակում՝ ահաբեկչական և այլ հանցավոր նպատակներով տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման հետ կապված հանցագործությունները բացահայտելու, կանխարգելելու, կանխելու և հետաքննելու նպատակով,

– տեղեկատվական անվտանգության ապահովմանը նպաստող վստահության անհրաժեշտ միջոցառումների համաձայնեցում և իրականացում,

– ՀՀ և ՌԴ իրավասու մարմինների միջև տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով տեղեկատվության փոխանակում՝ ներառյալ համագործակցությունը համակարգչային միջադեպերի արձագանքման բնագավառում,

– տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերի շուրջ երկու պետությունների օրենսդրության վերաբերյալ տեղեկատվության փոխանակում,

– տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում երկու պետությունների համագործակցության երկկողմ նորմատիվ իրավական բազայի և գործնական մեխանիզմների կատարելագործում,

– ազգային և միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման նպատակով միջազգային իրավունքի մշակմանն ու առաջմղմանը մասնակցության ցուցաբերում,

– միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման հիմնախնդիրների լուծման գործում միջազգային կազմակերպությունների և համաժողովների շրջանակներում (ներառյալ՝ Միացյալ ազգերի կազմակերպությունը, հեռահաղորդակցության միջազգային միությունը, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, Անկախ պետությունների համագործակցությունը և այլն) երկու պետությունների փոխգործակցության և գործունեության համակարգում,

– տեղեկատվական անվտանգության ոլորտում երկու պետությունների լիազորված ներկայացուցիչների և փորձագետների աշխատանքային հանդիպումների, գիտաժողովների, սեմինարների և այլ համաժողովների անցկացում,

– փոխգործակցություն տեղեկատվական անվտանգության ոլորտում կադրերի պատրաստման, ստաժավորումների, մասնագետների փոխանակման բնագավառում,

– տեղեկատվական անվտանգության բնագավառում օրենսդրության կատարելագործման հարցերով փորձի փոխանակում,

– աջակցություն տեղեկատվական անվտանգության ապահովման հարցերով գիտահետազոտական  գործունեության իրականացմանը: