Աշխարհը միջուկային պատերազմի շեմին. 25

Սկիզբը` այստեղ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ոգևորված ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ի անդամ այլ պետություններից տասնյակ միլիարդավոր դոլարների զենք- զինամթերքի, ռազմական տեխնիկայի ստացումից, Ռուսաստանի դեմ պատերազմում բազմահազար վարձկանների և վարձկանների անվան տակ արևմտյան բանակների ներկայացուցիչների ներգրավվածությունից, երեկ հայտարարել է մոտ ժամանակներս Խերսոնը (ՌԴ Խերսոնի մարզը), իսկ 2023թ. Ղրիմը Ռուսաստանից ազատագրելու Կիևի նպատակադրման մասին:

Ինչպես արդեն հայտնի է, Ուկրաինայի զինված ուժերը նախապատրաստվում են այս ամսվա ընթացում լայնամասշտաբ հարձակում իրականացնել ՌԴ Խերսոնի և Զապարոժիեի մարզերի վրա: Դրան նախապատրաստվում են նաև ՌԴ զինված ուժերը:

Եթե Ռուսաստանը կանգնի ընտրության առաջ՝ կորցնել Ղրիմը կամ օգտագործել միջուկային զենք մարտի դաշտում, նա կընտրի երկրորդը. այս մասին «Twitter»-ում պատասխանելով օգտատերերից մեկի հարցին, մոտ երկու շաբաթ առաջ գրել է «SpaceX»-ի և «Tesla»-ի հիմնադիր ու ղեկավար Իլոն Մասկը։

«Մենք արդեն ամեն կերպ պատժել ենք Ռուսաստանին, ուրեմն ի՞նչ ունի նա կորցնելու,- գրել է Մասկը։- Եթե մենք միջուկային հարված հասցնենք Ռուսաստանին, նրանք միջուկային հարված կհասցնեն մեզ, և այդ ժամանակ մենք կունենանք Երրորդ համաշխարհային պատերազմ»։

Դե իհարկե՛… ՌԴ-ին ԱՄՆ-ի միջուկային հարվածն անպատասխան չի մնալու և անխուսափելիորեն հանգեցնելու է Երրորդ համաշխարհային պատերազմի: Ընդ որում, մեծ խելք պետք չէ սա կանխատեսելու, հասկանալու կամ հայտարարելու համար, ոչ էլ այս առումով նորություն է ասում Մասկը:

«SpaceX»-ի և «Tesla»-ի ղեկավարը, կարծում ենք, չի սխալվում նաև Ղրիմը կորցնելու վտանգի դեպքում ՌԴ-ի կողմից միջուկային զենքի կիրառման հարցում, բայց  Ռուսաստանն ունենալով ավելի հզոր բանակ, դժվար թե կանգնի Ղրիմը կորցնելու վտանգի առջև:

Այնուհանդերձ, եթե Ղրիմը կամ իրեն միացած, օրինակ, Դոնեցկի, Լուգանսկի մարզերը կորցնելու վտանգ առաջանա, ապա Ռուսաստանը նախ կփորձի այդ վտանգը չեզոքացնել Ուկրաինա զենք- զինամթերք, ռազմական տեխնիկա փոխադրող ՆԱՏՕ-ի անդամ պետությունների տրանսպորտային միջոցները ոչնչացնելով (Արևմուտքի ընդհանուր ռազմական օգնությունն Ուկրաինային արդեն կազմել է 42,3 միլիարդ դոլար…):

Այլ խնդիր է, որ դրանից հետո ՆԱՏՕ-ն, նրա անդամ պետությունները Ռուսաստանի դեմ ռազմական հակամարտության մեջ կմտնեն արդեն պաշտոնապես, բացահայտ ու լայնամասշտաբ կերպով, ինչն էլ Ռուսաստանին կհարկադրի միջուկային զենք կիրառել: Կասկածից դուրս է, որ դրանից հետո բանը կհասնի միջուկային լայնամասշտաբ կամ Երրորդ համաշխարհային պատերազմի:

Երրորդ համաշխարհային կամ մարդկության վերջին պատերազմը կարող է ծագել նաև, եթե Ուկրաինան ՌԴ-ի դեմ զանգվածային բնաջնջման զենք («կեղտոտ ռումբ», կենսաբանական զենք) կիրառելով, նրան հարկադրի իր դեմ միջուկային մարտավարական զենք կիրառել:

Ի վերջո, Երրորդ համաշխարհային պատերազմ կարող է բռնկվել նաև, եթե չնայած Ուկրաինայի կողմից նախապատրաստվող սադրանքի վերաբերյալ Ռուսաստանի կատարած բացահայտմանը, Ուկրաինան և Արևմուտքը (կարելի է ասել նաև հակառակ հաջորդականությամբ` Արևմուտքը և Ուկրաինան) որոշեն Ուկրաինայի տարածքում պայթեցնել մեծ տարածքների ռադիոակտիվ աղտոտում առաջացնող «կեղտոտ ռումբ» (ռադիոլոգիական զենք) և այն վերագրել ՌԴ-ին, ինչին, իբրև Ռուսաստանի կողմից զանգվածային բնաջնջման զենքի կիրառման պատասխան քայլ, ԱՄՆ-ը կամ Մեծ Բրիտանիան Ռուսաստանի նկատմամբ մարտավարական միջուկային զենք կիրառեն:

Վերոնշյալ սադրանքի նախապատրաստումը քարոզչական դաշտում արդեն իսկ ակնհայտ է` Արևմուտքը և պաշտոնական Կիևը Ռուսաստանին մեղադրել են Ուկրաինայում «կեղտոտ ռումբ» կիրառելու և այն Ուկրաինային վերագրելու մտադրության մեջ: Հարկ է նկատի ունենալ, որ ՆԱՏՕ-ն, Արևմուտքն Ուկրաինայի պարտությունը չեն կարող հանդուրժել, քանի որ, ինչպես արդեն հրապարակայնորեն հայտարարել են, դա կլինի իրենց պարտությունը:

Հիմա ուշադրություն դարձնենք, թե ինչ են ասել արևմտյան ստահակները, նրանց թվում նաև` իրենց վարած քաղաքականությամբ, գործողություններով Ուկրաինայում և Ռուսաստանում արյունահեղությունը խթանող ու սաստկացնող ոճրագործները:

ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ելույթ ունենալով Եվրոպական դիվանագիտական ​​ակադեմիայի բացման ժամանակ, Ռուսաստանի Դաշնությանը խոստացել է «հզոր ռազմական պատասխան» Ուկրաինայում միջուկային զենք կիրառելու դեպքում։ Հոկտեմբերի 13-ին Բորելը հայտարարել է, որ «Ուկրաինայի վրա միջուկային հարձակումը կառաջացնի պատասխան» Եվրամիության, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կողմից։ Նրա խոսքով՝ այդ պատասխանը միջուկային չի լինի, «բայց ռազմական տեսանկյունից նրա հզորությունը մեծ կլինի»։ Ընդգծենք, որ միջուկային արհավիրքից դժվար թե հաջողվի խուսափել, եթե ՆԱՏՕ-ի անդամ որևէ պետություն իր զորքերը ռուսական բանակի հետ ուղիղ առճակատման մեջ մտցնի: Ինչպես Աստանայում վերջերս զգուշացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, դա կարող է հանգեցնել համաշխարհային աղետի։

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը միջուկային զենք օգտագործի, ապա դրանով կստորագրի իր մահախոսականն ինքնասպանությունից առաջ, քանի որ, նրա խոսքով, միջուկային զենքի կիրառման դեպքում գերագույն գլխավոր հրամանատարը կդառնա «լեգիտիմ ռազմական թիրախ»։ Այսինքն` Նիկոլի ու նիկոլենց սիրելի Բոլթոնը Պուտինին ֆիզիկական ոչնչացմամբ է սպառնացել…

«Նա ռուսական բանակի որոշումների կայացման և վերահսկողության կենտրոնն է,- նկատի ունենալով Պուտինին, ասել է Բոլթոնը CBS-ին:- Մենք դա անվանում ենք ազգային հրամանատարական իշխանություն: Նա օրինական ռազմական թիրախ է: Կարծում եմ, թեև կան շատ այլ բաներ, որոնք մենք նույնպես կարող ենք անել, նա պետք է իմանա, որ նա մեր թիրախների ցանկում է»:

Նախկին խորհրդականը հորդորել է լուրջ վերաբերվել ՌԴ-ի կողմից միջուկային զենքի հնարավոր կիրառմանը։

Ինչպես վերջերս հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, աշխարհը միջուկային հարվածների փոխանակման շեմին է: Ըստ նրա, Կարիբյան ճգնաժամից հետո աշխարհին առաջին անգամ սպառնում է միջուկային պատերազմ, աշխարհն «Արմագեդոնի հեռանկարի հետ» վերջին անգամ բախվել էր 1962 թվականին։

 

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան